ՀՆԱՎԱՅՐԵՐԸ ՆԱԵՎ ՀՈՒՇՈՒՄՆԵՐ ԵՆ

Նախազգուշացո՞ւմ, թե՞ պաշտամունքային քաղաքներ

Պորտասարում անցած դարի երկրորդ կեսին բացահայտված տաճարային համալիրը ոչ միայն բազմաթիվ առեղծվածներ առաջադրեց, այլև շատերի պատասխանները տվեց: Հիմա արդեն  բոլոր գիտնականները ստիպված են ընդունել, որ մարդկային բարձր քաղաքակրթությունը ոչ թե հինգ հազար, այլ առնվազն 12 հազար տարվա պատմություն ունի: Նույնիսկ ակնարկներ են արվում, թե ամբողջ համալիրը կառուցվել է որպես նախազգուշացում` ինչ-որ համընդհանուր աղետից:

Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանի մասնագետները վիճակագրական վերլուծության արդյունքներից ելնելով՝ եզրակացրել են, թե հնավայրի քարե սյուներին եղած կերպարների, համաստեղությունների և աստղագիտական նշանակություն ունեցող իրադարձությունների պատկերները փոխկապակցված են: Նրանց կարծիքով՝ օրինակ անգլուխ մարդու կերպարը մատնաշում է ինչ-որ բնական համաղետի հետևանքները:

Ուռհա (այժմ՝ Ուրֆա) քաղաքից 14 կմ հետավորությամբ հայտնաբերված ընդարձակ հնավայրը (թեև փոքր մասով է ուսումնասիրված) ըստ էության կառուցվել է ոչ որպես բնակավայրի սպասարկող պաշտամունքային համալիր: Ու նաև կարծիքներ են հայտնվել, որ այն դիտավորյալ են հողի տակ թաղել: Հայերիս համար ակնհայտ է դառնում, որ հազարամյակներ ի վեր նրա անվան մեջ մնացել է դրա կարևոր նշանակության մասին ակնարկը, երբ իմանում ենք, որ բացելուց հետո ընդհանուր պատկերը, իրոք, պորտի տեսք ունի: Իսկ Գյոբեկլի-թեփե անունը, որը թուրքերն են տվել համալիրը ծածկող բլրին և որով այն հայտնի է դարձել աշխարհին, թարգմանվում է ցմփոր բլուր:   

Բրիտանացի գիտնականների այս տեսակետին համահունչ է մեկ այլ տեսակետ: Ռուս գիտնականներ Վ. Վ. Պոպովան և Լ. Վ. Անդրիանովան էլ նույն խորհուրդը վերագրել են մեկ այլ տաճարային համալիրի, այս անգամ՝ մյուս կիսագնդում՝ Մեքսիկայում:

«Ի՞նչ են խորհրդանշում Թեոթեոականի պատկերագրերը» ուսումնասիրության մեջ նրանք եզրակացնում են, որ այսօր արդեն ամբողջ աշխարհին հիացնող քաղաքը կառուցվել է ոչ թե ինչ-որ մարդկանց սպասարկելու նպատակով, այլ` որպեսզի տեղեկություններ փոխանցի ապագա սերունդներին: Եվ այդ տեղեկությունը պետք է մարդկանց զգուշացնի համընդհանուր մեծ աղետի մասին: Ընդ որում, այս քաղաքանվան մեջ նույնպես խորհրդանշական բան կա: Հայագիտությամբ հետաքրքրվող որոշ անհատներ համարում են, որ այն կազմված է «թեո»` աստված բառի կրկնությունից և հայերենի «ական» ածանցից: Իսկ «Թեո»-ն միանգամայն համադրելի է հայերեն «դիք» (դիցեր, աստվածներ) բառի հետ: Թե´ արմատի կրկնությամբ, թե´ «ական» ածանցով տեղանուններ հայերենում շատ կան:

Այս ամենի մեջ ի՞նչն է կարևորը. ստացվում է, որ հազարամյակներ հետո տեղի ունենալիք աղետների մասին մարդը ոչ միայն կարողանում է կռահել, այլև միջոցներ է ձեռնարկում դրանք հաղորդելու եկող սերունդներին: Իսկ ինչը, եթե ոչ քարերին հանձնված պատկերագրերը կարող են դրանք հազարամյակների միջով փոխանցել: Միայն մնում է, որ դրանք գտնող մարդը կարողանա հասկանալ:

Որ բնական աղետները երկրագնդին պարբերաբար սպառնացել են և երբեմն կործանարար եղել` արդի մարդկությանը հայտնի է: Իսկ մի՞թե նախազգուշացնող տեղեկություններ չկան հենց համաշխարհային ջրհեղեղի մասին պատմություններում: Դրանք ասում են, որ մարդկանց զգուշացնում էին, թե ջրհեղեղ է լինելու, սակայն միայն Նոյն էլ, որ հավատաց ու նախապատրաստվեց: Իսկ ովքեր չլսեցին, կործանվեցին:

Այնպես որ, թերևս արժե ականջի հետևը չգցել նման պնդումները, այլ հասկացող, լավատեղյակ գիտնականների գործուղել, որպեսզի ճշմարտությունը վեր հանեն ու նոր աղետից փրկվելու տապանը նախագծեն: