Կոշիկ ընտրելիս հարկավոր է առողջությունն էլ հաշվի առնել
Կանադայի նահանգներից մեկում կանանց հագուկապի (այսպես կոչված՝ դրես-կոդ) պահանջները մեղմացվել են. աշխատանքի ներկայանալիս բարձրակրունկ կոշիկ հագնելն այլևս պարտադիր չէ: Տեղի իշխանություններն այնքան խելք են ունեցել, որ հայտարարել են, թե բարձր կրունկները հաճախ վնասում են առողջությունը, իսկ դրանցով վնասվածքներ ստանալու հավանականությունը շատ մեծ է, քանի որ դրանք կրողները կարող են սայթաքել և ոտքը կամ մեջքը վնասել: Տեղեկությունը տարածել է «Բի-Բի-Սի»-ն՝ նշելով, որ աշխատանքային կոշիկը պետք է հարմար ու անվտանգ լինի:
Հիշենք, թե միջնադարում ինչպես էին եվրոպացի կանանց ու աղջիկների մեջքը սեղմիրանի մեջ առնում ու այնքան ձգում, մինչև շունչները համարյա կտրում էր, իսկ Ճապոնիայում ինչպես էին ութ տարեկան աղջիկների թաթին կոտրվածք հասցնում, որպեսզի մեծանալով՝ նա իբր թե նուրբ ու փոքրիկ ոտիկներ ունենա: Այս ամենի համեմատ` մեր ժամանակներում կնոջ արդուզարդին իբրև թե ամենամեծ հմայքը հաղորդող բարձրակրունկներն ուղղակի մարդասիրական են թվում: Միայն թե երևում է՝ եկել է նաև այս կարծրատիպը ջարդելու ժամանակը:
Բժիշկները վաղուց են ահազանգում, թե բարձր կրունկները ժանանակի ընթացքում ձևախեղում են կնոջ ողնաշարը, դառնում տարբեր հիվանդությունների պատճառ: Այս, կարելի է ասել՝ վնասակար սովորությունը, սակայն, դեռևս իր իրավունքների մեջ է մնում: Տղամարդիկ շարունակում են դա համարել կնոջ գեղեցկության կարևոր բաղադրիչը, կանայք էլ վախենում են հրաժարվել՝ հանկարծ ու շրջապատում իրենց նրբագեղ ու նազելի չհամարեն: Շատուշատ սերիալներում տանտիրուհիները կամ աղախիններն ամբողջ օրն անց են կացնում տասը սանտիմետրանոց կրունկների վրա՝ դրանով նաև քարոզելով, թե սա է պատշաճ կոշիկը: Տղամարդիկ էլ, այսպիսի կարծրատիպ պարտադրելու ճանապարհով կանանց թույլ կողմերն ընդգծելով՝ նրանց կողքին հարմարավետ կոշիկներով իրենց շատ ճարպիկ են երևակայում:
Մինչդեռ մենք ապրում ենք պատահարներով, աղետներով, ահաբեկչության գործողություններով հագեցած մի դարում, երբ մարդու կյանքը հաճախ ուղղակիորեն կախված է լինում ոտքերի վիճակից, իսկ կնոջ դերն ամենևին էլ սոսկ գեղեցիկ երևալու ձգտումը չէ…