Ադրբեջանցի օգտատերերը հայտնվել են Ֆեյսբուքի «սև ցուցակում»
ԴԱՐՁՅԱԼ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐ
- Մարկ Ցուկերբերգը պատերազմ է հայտարարել ռուսալեզու «համացանցային թրոլերին,- գրել է JAMnews-ը՝ մանրամասնելով.
Աշխարհի խոշորագույն սոցցանց Ֆեյսբուքում արգելափակվել են այն օգտատերերի էջերն ու հաշվառման գրառումները, որոնք կասկածվում են ռուսական «Համացանցային հետազոտություններ գործակալության» (IRA) հետ համագործակցության համար, որն առավել հայտնի է որպես «թրոլերի ֆաբրիկա»:
Այս մասին Reuters-ին հայտարարել է Ֆեյսբուքի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Վերջինիս խոսքով, նշված գործակալությունը «հարյուրավոր կեղծ էջերից» կազմված ցանց է ստեղծել 2016թ-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու և Ադրբեջանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի ռուսալեզու բնակիչների համար նախատեսված տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար:
Ցուկերբերգը հաղորդել է այդ արշավի կապակցությամբ 273 ռուսալեզու էջ ջնջելու մասին: Երեքշաբթի՝ ապրիլի 3-ին, Ֆեյսբուքը սկսել է ջնջել «թրոլերի ֆաբրիկայի» ռուսալեզու էջերը:
- Այդ ռուսական գործակալությունը բազմիցս գործել է խաբեությամբ՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ, ԵՎրոպայի և Ռուսաստանի բնակիչներին, և մենք չենք ցանկանում տեսնել այն Ֆեյսբուքում աշխարհի ոչ մի ծայրում,- գրել է Ցուկերբերգն իր էջում:
Մոտակա շաբաթների ընթացքում Ֆեյսբուքը խոստանում է թարմացում թողարկել, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը կարող են ստուգել, թե արդյոք նրանք գրանցված են այն էջերին, որոնք գաղտնի կերպով կառավարվում են գործակալության կողմից:
Ցուկերբերգը պնդում է, որ այդ միջոցն ուղղված է ամբողջ աշխարհում ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը:
Ապրիլի 10-ին Ցուկերբերգը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ մանրամասն կպատմի թրոլերի դեմ պայքարի միջոցների մասին:
Ֆեյսբուքի հաշվետվության համաձայն՝ ջնջված էջերին գրանցված է եղել մոտ մեկ միլիոն մարդ ամբողջ աշխարհից, նրանցից 29 հազարն՝ Ադրբեջանից:
Բացի այդ, Ֆեյսբուքը ջնջել կամ արգելափակել է մի շարք թրոլերի էջեր հենց Ադրբեջանում:
Սակայն այս սոցցանցի որոշ արգելափակված օգտատերեր պնդում են, որ ոչ մի կապ չեն ունեցել և չունեն «թրոլերի ֆաբրիկայի» հետ, այնուամենայնիվ, Ֆեյսբուքը ոչ մի կերպ չի արձագանքում նրանց բողոքներին և դիմումներին: