Անտարկտիդայում ո՞վ է ճանապարհ ու կամուրջ կառուցել

ԿՈՐԾԱՆՎԱԾ ԱՏԼԱՆՏԻԴԱՆ ՀԵՆՑ ԱՆՏԱՐԿՏԻԴԱ՞Ն Է

Գուցե չեն սխալվում նրանք, ովքեր կարծում են, թե կործանված Ատլանտիդան փնտրելու հարկ չկա` Անտարկտիդան հենց այդ հին ու բարձր քաղաքակրթության օրրանն է եղել:

Այս անբնակ մայրցամաքի մասին մի չարագուշակ բան էլ են ասում` իբր այնտեղ հաստատվել են Երրորդ ռեյխի պարտված հիտլերականները և պատրաստվում են վերստին գրոհել մարդկության վրա: Բայց այժմ մարդկությունն ունի  այնպիսի հզոր միջոց, ինչպիսին վիրտուալ հետազոտություններն են: Այնպես որ եթե նման բան լիներ` գուցե թե նկատեին:

Ի հայտ է եկել մի զարմանալի գիտաճյուղ` վիրտուալ հնագիտություն: Ճիշտ է, այն դեռևս պաշտոնական ճանաչում չունի, ոչ էլ դրա բացահայտումներն են տեղ գտնում գիտական հրատարակությունների էջերում, սակայն դրանց մասին գրում, խոսում, ցուցադրում ու վարկածներ է առաջ քաշում նույն վիրտուալ միջավայրը:

Ծածկված լինելով միլիանավոր տարիների հաստ սառցածածկույթով, Անտարկտիդան մինչև վերջերս համարվում էր երբևէ բնակություն չտեսած, քաղաքակրթության հետ չառնչված մի հսկայական հողակտոր. այնքան հսկայական, որ մայրցամաք է համարվում: Վերջերս սկսել են դրա առեղծվածների մասին բազմաթիվ տեսություններ առաջ քաշել, իսկ ահա որոշ ուսումնասիրողներ Google Earth ծառայության քարտեզների միջոցով այնտեղ նկատել են բաներ, որոնք խոսում են հնագույն  քաղաքակրթության երբեմնի առկայությաան մասին:

Անտարկտիդայի նկատմամբ աճող հետաքրքրության պատճառն այն է, որ հավերժական թվացող սառույցներն սկսել են արագ հալվել` ի հայտ բերելով դրանց տակ թաքնված զարմանալի բաներ: Google Earth-ի քարտեզն ուսումնասիրելով` հետազոտողները Անտարկտիդայի լեռնային շրջաններում նկատել են համարյա կես մղոն ձգվող ճանապարհ, որը շատ նման է մերօրյա ասֆալտուղիներին: Այդ նմանությունն ավելի է ընդգծում ճանապարհի մի հատվածում նկատված կամուրջը` իր կամարով: Որքան էլ այդ ամբողջը կրել է սառցե ծածկույթի ավերիչ ազդեցությունը` կասկած չի թողնում, որ մեր մոլորակի ամենացուրտ մայրցամաքում ժամանակին բարձր զարգացած քաղաքակրթություն է եղել:

Արդի քաղաքակրթությանը ոչ ոք չի համարձակվի միլիոնավոր տարիների հնություն վերագրել, սակայն վերջերս շատ գիտնականներ սկսել են հակվել այն տեսակետին, թե մեզնից առաջ էլ Երկիր մոլորակի վրա քաղաքակրթություններ են ծաղկել, ապա կործանվել: Դրանց հետքերն առայժմ աննկատելի են մնացել ժամանակի ու բնական աղետների ավերիչ ազդեցության պատճառով: Այժմ արդեն նորագույն սարքերի ու աշխատակարգերի միջոցով հնարավոր է նկատել, օրինակ, օվկիանոսների հատակում բարձրացող բուրգի ուրվագիծը, կամ Եգիպտոսի ավազների տակ ծածկված  գրություններն ու պատկերները, որոնք, ինչպես Նասկայի հանրահայտ հովտում, հնարավոր է տեսնել միայն երկնքից զննելիս:  

Հարց է առաջանում` իսկ ինչպե՞ս կարող էր կյանքը ծաղկել սառցապատ մայր ցամաքում: Սրա համար մեկ այլ բացատրություն էլ կա. հնարավոր է` Երկիր մոլորակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ինչ-որ ազդեցության, որի պատճառով բևեռները տեղափոխվում են: Իսկ դա նշանակում է, որ Անտարկտիդան միշտ չէ, որ եղել է Երկիր մոլորակի հարավային բևեռը:

Ի դեպ, սա հաստատող բազմաթիվ զրույցներ են պահպանվել տարբեր ազգերի ու ցեղերի ասք-հեքիաթներում: Կա մի տեսություն, որը բացատրում է այսօրինակ բևեռափոխության մեխանիզմը: Ենթադրվում է, որ մոլորակի շերտերից մեկը հալված վիճակում է, և երբ բևեռները հազարամյակներով կուտակվող սառույցներից ահավոր ծանրանում են, սկսում են այդ շերտի վրայով սահել և տեղաշարժվել: