Ուղերձդ ջուրը նետիր՝ մի օր դուրս կգա

Ժամանակակից մարդը շշով ջուրը նետված գրությունների մասին ուրիշ որտեղի՞ց կարող է իմանալ, եթե ոչ արկածային վեպերից: Այնինչ պարզվում է՝ դրանք ոչ միայն իրական են, այլև ավելի քան մեկ դար անց ափ են դուրս գալիս ու զարմացնում համացանցային դարաշրջանի մարդկանց:
 
Ավստրալիայի արևմտյան ափին ամուսնական մի զույգ գտել է մինչ այժմ հայտնաբերված ամենահին շշագրությունը: Դրանից առաջ ամենահինը համարվել է 1906թ.-ով թվագրվածը, իսկ այս մեկը գերմանական մի նավից ծովն է նետվել 1889թ.:
 
Ավստրալացի Քիմ Իլմանը BBC հեռուստառադիոընկերությանը պատմել է, որ իր կին Տոնյան շիշը գտել է ծովափին զբոսնելիս: Ամուսիններն սկզբում չեն էլ երևակայել, թե դրա ներսում գրություն կա: Թղթից դատելով՝ այն ծովն է նետվել 1889թ. հունիսի 12-ին: Նրանք խոստովանել են, թե նախ մտածել են, որ գործ ունեն կեղծիքի հետ: Բայց երևում է՝ Իլման ամուսինները թեթևամիտ մարդիկ չեն, ուստի որոշել են այնուամենայնիվ խորհուրդ հարցնել թանգարանների աշխատակիցներից: Ավստրալական թանգարանի աշխատակիցները ճշմարտությունը պարզելու նպատակով դիմել են Գերմանիայի և Հոլանդիայի իրենց գործընկերներին: 
 
Եվ ահա Եվրոպայից ստացվել է հաստատող պատասխանը՝ շշով ջուրը նետված ուղերձը իրական է: Գերմանիայում գտել են նավամատյանը, որտեղ այդ մասին հիշատակություն է եղել: Համընկել է ամեն ինչ՝ ամսաթիվը, կոորդինատները, անգամ գրությունների ձեռագիրը: 
 
129 տարի առաջ ջուրը նետված ուղերձն ապահով պահպավել է ապակե շշում ու մեր օրերն է հասել: Իսկ թե որքա՞ն ժամանակ է հնարավոր պահպանել էլեկտրոնային դարաշրջանի գրությունները, դժվար է երևակայել: Չէ՞ որ դրանք կարող են սարքերի կամ ծրագրերի խափանման պատճառով ամեն վայրկյան ջնջվել ու այլևս չվերականգնվել: Եվ ստացվում է, որ «խարխուլ նավակով» կամ ընդամենը դյուրությամբ փշրվող ապակե շշով ծովին հանձնված եզակի ուղերձներն առավել ապահով ու երկարակյաց են, քան գրությունների այն ահռելի հեղեղը, որն իր մեծամասամբ բացասական բովանդակությամբ ամեն վայրկյան ողողում է ամբողջ համացանցը: