8 տարի՝ անբացատրելի ձայների որոգայթում
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ՝ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ՉՀԱՆԴՈւՐԺՈՂ ՄԵՐ ԴԱՐՈւՄ
Դեռևս ոչ այնքան վաղուց՝ քչերին էր հայտնի Կանադայի Ուինսոր քաղաքը (Օնտարիո նահանգ): Սակայն, 8 տարի առաջ իրավիճակը կտրուկ փոխվել է, և հիմա այստեղ են տարվում հեռուստատեսային բեռնավագոններ, իսկ տեղի բնակիչները դարձել են գիտական ու կրթական և լրատվական ծրագրերի մշտական հյուրերը:
Քաղաքի ու դրա բնակիչների հանդեպ չմարող այս հետաքրքրության շարժառիթը 2010 թ. Ուինսոր ներխուժած առեղծվածային աղմուկն է, որից պրծում չունեն քաղաքի և դրա արվարձանների՝ շուրջ 210 հազար բնակիչները (տեղեկացրել է esoreiter.ru-ն):
Բայց ի՞նչ է դա:
- Պատկերացրեք ամպրոպ, որը չի դադարում ժամեր կամ նույնիսկ օրեր շարունակ,- դժգոհում է 64-ամյա Մայք Պրովոստը: - Անհասկանալի այդ որոտից թաքնվել հնարավոր չէ. այն ամենուր է:
Ոմանք այդ աղմուկը համեմատում են աշխատող շարժիչի հռնդյունի հետ, ոմանք՝ բարձրախոսի: Սակայն բոլոր տեղացիները միակարծիք են, որ շատ դժվար է ապրել անբացատրելի որոտի «նվագակցությամբ»:
Ուինսորում ապրող կենդանիները նույնպես տառապում են աղմուկից, ոը սկսվելուն պես կատուները խուճապահար թաքստոց են փնտրում, շները դեսուդեն են վազում՝ բարձր հաչելով ու կլանչելով ...
Աղմուկը հատկապես ակտիվ է եղել 2012 թ. ամռանը, երբ քաղաքի փրկարարական ծառայությունը 22 հազար բողոք է ստացել բնակիչներից: Բայց այդպես էլ հնարավոր չի եղել պարզել, թե որտեղից են անտանելի այդ ձայները: Դրանից հետո ու հիմա էլ աղմուկը հայտնվում է շաբաթական երկու-երեք անգամ, սովորաբար՝ գիշերը:
Ձայնային այս արտառոցությունը, անշուշտ, հետաքրքրել է գիտնականներին, ովքեր առաջարկել են իրենց տարբերակը: Ուինսորի հարևանությամբ փակ հաստատություն կա, այսպես կոչված՝ Զուգ արդյունաբերական կղզին, որտեղ US Steel ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարան կա: Ինչպես կասկածում են հետազոտողները (նրանց հետ էլ՝ տեղաբնակները), աղմուկը հայտնվում է ընկերության կողմից այնտեղ ընթացող փորձարկումների արդյունքում:
Սակայն այս վարկածը հաստատել կամ հերքել առայժմ հնարավոր չէ, որովհետև US Steel-ը ոչ որևէ բացատրություն է տալիս, ոչ էլ լրագրողներին ու գիտնականներին թույլ է տալիս մուտք գործել իր ձեռնարկություն:
Ու դա երևի այնքան էլ էական չէ, որովհետև, ինչպես նշվեց՝ տարօրինակ հնչյուններն առաջացել են ընդամենը 8 տարի առաջ, մինչդեռ գործարանը գոլություն ունի շատ ավելի վաղուց:
Մի խոսքով՝ անլուծելի հանելուկ: