Ալո՛, ողջույններ Լուսնից
Ընդամենը մեկ տարի, և բջջային կապը կհասնի մեր մոլորակի միակ բնական արբանյակին: Գերմանական Vodafone բջջային օպերատորը և ֆիննական Nokia ընկերությունը մտադիր են 2019թ. Լուսնի վրա ստեղծել առաջին 4G ցանցը:
Ամերիկյան «USA Today» լրագիրը նման տեղեկություն է հրապարակել՝ վկայակոչելով նշված երկու ընկերություններին: Ըստ հրապարակված տվյալների՝ այժմ մշակվում են բջջային կապի բաղադրիչները, որոնք գործելու են Լուսնի վրա: Nokia ընկերությունը հպարտորեն նշել է, թե իր ստեղծած սարքավորումները կշռելու են ընդամենը 1 կգ, իսկ դա մինչ այժմ եղածներից ամենաթեթևն է:
Սարքավորումները Լուսնի մակերևույթին են հասցվելու ամերիկան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռ-կրիչների միջոցով, որը պետք է տիեզերք արձակվի Կանավերալի հրվանդանի տիեզերակայանից (Ֆլորիդայի նահանգ): Լուսնի վրա բջջային ցանց ստեղծելու անհրաժեշտությունը թելադրված է նրա տեսապատկերները և այլ տվյալներ է Երկիր հեռարձակելու հրամայականով: Նոր սարքավորումը պետք է նաև կապ ապահովի Audi ընկերության երկու լուսնագնացների միջև: Սրանց գործն է լինելու այցելել գիշերային լուսատուի վրա 1972թ. վայրէջք կատարած «Ապոլոն-17» տիեզերանավի լունային հանգրվանի վայրը:
Քանի որ տիեզերական ծրագրերը նաև տիեզերական ջանքեր ու ներդրումներ են պահանջում, լուսնային բջջային ցանցի ստեղծման գործում այս երկու հսկա ընկերություններին կաջակցի նաև գերմանական PTScientists մասնավոր տիեզերական ընկերությունը: Այս պահին նա լուսնային ծրագրի շրջանակում աշխատում է ստեղծել մի համեմատաչափ (մոդուլ), որը կծառայի որպես հոսքագիծ` լուսնագնաց սարքերը տեղ հասցնելու և Երկրի հետ կապ պահպանելու համար: