Ննջեցյալների կրկնօրինակը՝ նրանց նորովի հիշելու հնարավորությո՞ւն, թե՞…
Կյանքից հեռացած հարազատի համար մարդուն ի՞նչ մխիթարություն է մնում, եթե ոչ նրա անցած կյանքին վերաբերող հուշերը վեր հանելը, գործերն ու արժանիքները գնահատելը, պահպանված լուսանկարներով, տեսանյութերով, անձնական իրերով կարոտը մեղմելը: Սակայն այսօր ապրում ենք թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության դարում, իսկ դա նշանակում է, որ նրա կերպարին առնչվելու հնարավորություններն էլ են մեծանում:
Շվեդ գյուտարարները միտք են հղացել՝ ստեղծել մահացած մարդկանց թվային կրկնօրինակները: Dagen պարբերականի պնդմամբ՝ նրանք նախատեսել են ստեղծել արտաքինից ննջեցյալին նման ռոբոտ, որը նաև կկարողանա եղանակի և կենցաղի վերաբերյալ հասարակ հարցերի պատասխանել «բնօրինակի» ձայնով:
Fenix (Փյունիկ) խորհրդանշական անունը կրող հուղարկավորությունների բյուրոն փնտրում է կամավորների, ովքեր կհամաձայնեն, որ գիտնականներն ստեղծեն իրենց մահացած ազգականների կերպարները: Ըստ գյուտարարների՝ եթե 30 տարի առաջ հարազատները հանգուցյալներին հիշելու այլ միջոց չունեին, բացի մի քանի լուսանկարներից, ապա այսօր արհեստական բանականության շնորհիվ հնարավորություն կունենան անգամ զրուցել նրանց հետ՝ ի դեմս համակարգչային ծրագրի պատկերացնելով հարազատին:
Կարծես թե ամեն ինչ լավ է, ու շուտով լուսանկարների ալբոմները թերթելու փոխարեն հանգուցյալների հարազատները կսկսեն պատվիրել նրանց կրկնօրինակ ռոբոտները և նրանց հետ զրուցել եղանակից ու կենցաղից: Սակայն դրանք չե՞ն վերածվի արդյոք խաղատիկնիկների՝ այդպիսով ինչ-որ չափով նաև պղծելով գոնե որոշ մահացածների հիշատակը: Ու չե՞ն խռովի արդյոք նրանց հոգիները, եթե ելակետ ունենանք հոգիների անմահության գաղափարը:
Բայց առավել խնդրահարույց է արհեստական բանականության կիրառումը: Հիշենք SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի՝ անցած նոյեմբերին հնչեցրած հայտարարությունը, թե արհեստական բանականությունը կարող է ատոմային զենքից էլ վտանգավոր լինել: Ըստ նրա՝ ընդամենը 5-10% հավանականություն կա, որ այն մարդու վերահսկողությունից դուրս չի գա և չի որոշի նրա հետ հաշվի չնստել, քանի որ բոլոր չափանիշներով կգերազնացի բնատուր բանականությամբ օժտված արարածներին: