Ժամացույց՝ 10 000 տարվա երաշխիքով

ՆԱԵՎ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՓԱՌԱԲԱՆՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑ

Ամերիկայում սկսել են աշխատել մի ժամացույցի վրա, որը պետք է 10 000 տարի ճշգրիտ ժամանակը ցույց տա՝ առանց մարդու միջամտության: Կարելի է ասել՝ հավերժական շարժիչ: Մտահղացումը համացանցային վաճառքի և ծառայությունների գծով աշխարհում խոշորագույնը համարվող «Ամազոն» ընկերության հիմնադրինն է:
 
- Կզարգանան ու կկործանվեն քաղաքակրթություններ, կդադարեն գոյություն ունենալ այժմյան քաղաքակրթությունները, կհառնեն կառավարման նոր համակարգեր… Ոչ ոք չի կարող աշխարհը պատկերացնել տասը հազար տարի անց: Բայց մենք կփորձենք այդ ամենը հաղթհարել ժամացույցի օգնությամբ,- թուիթերյան իր էջում գրել է Ջեֆ Բեզոսը:
 
Ըստ տեղեկությունների՝ սարքն ամբողջ 152 մետր բարձրություն է ունենալու. այն իրականություն դարձնելու համար ներդրվելու է 42 մլն դոլար: Ժամացույցի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են Տեխասից արևմուտք գտնվող լեռան ընդերքում: Իսկ երբ ամեն ինչ պատրաստ կլինի՝ տեղանքը կբացվի զբոսաշրջիկների այցելության համար: 
 
«Ամազոնի» հիմնադիր Բեզոսը նաև հայտնել է, որ ժամացույցն աշխատելու է ցերեկային և գիշերային ջերմաստիճանների տարբերության հաշվին: Նա իր մտահղացումը գնահատել է որպես «երկարաժամկետ մտածողության խորհրդանիշ» և տեղեկացրել, որ այն իրագործու են հանճարներ Դենի Հիլիսը, Զանդեր Ռոուզը, ինչպես նաև մի ամբողջ խումբ մարդիկ:
 
Բեզոսի վստահությունը, թե 10 000 տարի անց սարքը դեռևս կգործի առանց արտաքին միջամտության՝ այնքան էլ հավատ չի ներշնչում, քանի որ եթե «ոչ ոք չի կարող աշխարհը պատկերացնել տասը հազար տարի անց», ուրեմն նաև չկա երաշխիք, թե ցերեկն ու գիշերն էլ մեր ժամանակների նման հերթագայելու են նույն պարբերականությամբ: 
 
Իսկ «Ամազոնի» հիմնադիրը բնավ էլ փողերը քամուն չի տալիս հանուն «երկարաժամկետ մտածողության խորհրդանիշների»: Չէ՞ որ ներդրված 42 մլն դոլարը զբոսաշրջիկները շատ արագ կփոխհատուցեն: Շատերին կհետաքրքրի, թե մատնաչափիկ սարքավորումների մեր դարում 152-մետրանոց ժամացույցն ինչ տեսք ունի և որևէ ժամանակ ցույց տալի՞ս է:
 
Դե, իսկ եթե 100 հարյուրամյակ անց մեր մոլորակի վրա դեռևս քաղաքակրթություններ զարգանան, նրանք էլ կփառաբանեն «երկարաժամկետ մտածողության» ասպետին: