Միջամտություն Աստծո գործերին, թե՞ նոր հնարավորություն
Եթե հետաքրքրություններիդ շրջանակը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքեր ստեղծելն է, ձեռքիդ տակ էլ անհրաժեշտ նյութեր ու հնարավորություններ ունես՝ բացառված չէ, որ մի օր մարդկությանը մեծ ծառայություն մատուցես:
Կորեացի գիտնականների ստեղծած նոր ռոբոտը նման առաքելություն կարող է ստանձնել, քանի որ նշվում է, թե ապագայում այն կարող է օգտագործվել մարդու օրգանիզմի ներսում դեղամիջոցները տեղափոխելու, ուրեմն և դրանց ազդեցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Իսկ մենք հո գիտենք՝ արդի դեղամիջոցները եթե մի ցավ դարմանում են, մի քանի օրգանի էլ զգալի վնաս են հասցնում: Միաժամանակ դժվար է պատկերացնել, որ մարդկությունը մոտ ժամանակներում կդադարի օրեցօր բազմացող դեղատների ապրանքը սպառել և անառողջ վիճակը թեթևացնելու համար բուժման այլ եղանակներ կնախընտրի:
Գյուտի հեղինակները Սեուլի ազգային համալսարանի գիտնականներն են: Նրանց ստեղծածը փոքր ռոբոտներ են, որոնք կարող են որդի շարժումները կրկնօրինակել և սողալ: The Verge լրատվամիջոցը տեղեկացնում է, որ նրանց էներգիան ստացվում է շրջապատի խոնավությունը կլանելու միջոցով: Հիդրոբոտ անվանումն ստացած մանրասարքերը դանդաղ սողում են, այսուայնկողմ գալարվում, օձի պես ոլորվում:
Նշվում է, որ հիդրոբոտները բաղկացած են նանոմանրաթելերի երկու շերտից, որոնցից մեկը խոնավություն կլանելու հատկություն ունի, մյուսը չունի: Երբ հիդրոբոտը խոնավ մակերևույթի վրա է հայտնվում, խոնավություն կլանող շերտը նրան առաջ է շարժում, իսկ երբ այն զրկվում է խոնավությունից, դեպի հետ է շարժվում: Սա կարող է անընդհատ կրկնվող շարժում դառնալ:
Բժշկության ոլորտում իրենց գյուտի օգտակարությունն ապացուցելու նպատակով կորեացի մասնագետները գիտափորձ են ձեռնարկել: Նրանք ռուբոտը տեղադրել հակաբիոտիկի մեջ, որից հետո այն սողալով անցել է բակտերիաների միջով՝ իր հտևից մանէազերծ հետք թողնելով:
Ամեն անգամ բուժման նոր միջոց ստեղծելուց հետո պարզվում է, որ այն կողմնակի բացասական հետևանքներ է ունենում, ու շատերը նույնիսկ քարոզում են, թե մարդը չպետք է Աստծո (կամ բնության) գործերին միջամտի՝ խախտելով մինչ այդ առկա հավասարակշռությունը: Երևի ժամանակը ցույց կտա՝ սա նման մի միջամտությո՞ւն է, թե՞ մարդուն լիարժեք մարդ պահելու նոր հնարավորություն: Իսկ մինչ այդ՝ կորեացի գիտնականների հայտնագործությունը դեռևս մշակվելու, ինքնահաստատվելու, նոր հնարավորությունների մեկնարկ տալու երկար ճանապարհ ունի: