Ուրվականը կեցվածք է ընդունել, որպեսզի լուսանկարվի
ՈւՐՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍՈՐԴ ԹՈՆԻՆ
Ուրվականների որսորդ 32-ամյա Թոնի Ֆերգյուսոնը հոգնել է իր ամենօրյա զբաղմունքից և որոշել հանգիստը վայելել անգլիական Նոթինգհեմ քաղաքում: Որպես զբոսաշրջիկ նա այնտեղ է ժամանել` զբոսնելու քաղաքի ընդերքում տարածվող քարանձավներում և կտրվելու առօրյա հոգսերից: Բայց արի ու տես, որ ուրվականները անբնական երևույթներ ուսումնասիրողին գտել են նաև գետնի տակ:
Քարանձավներից մեկում Թոնիի աչքին երևացել է մի պատկեր, որը հեռավոր կերպով մարդկային կերպարանք է հիշեցրել: (Թոնիի արկածները երեկ հրապարակել է 120.su կայքը): Ու հենց այդ պահին էլ հասկացել է, որ իրեն վիճակված չէ հանգստանալ: Անբնական երևույթների սիրահարն իսկույն ձեռքն է առել նկարահանող միակ սարքը` բջջային հեռախոսը: Ու հենց այդ պահին ուրվականը նորից է երևութացել, որպեսզի տեսախցիկն իրեն լավ պատկերի:
Քարանձավներից դուրս գալուց հետո ստացված կադրերը դիտելով` Թոնին եզրակացրել է, թե իրեն երևացած կերպարանքը կրել է հնաձև երկարափեշ հանդերձանք, ձեռքին էլ բռնել է մի առարկա, որն ավելի շատ լապտերի է նման: Իսկ ամենավերջում այն պարզապես լուծվել է պատի մեջ: Ուրվականների որսորդը, ասում են, այնքան է ուրախացել, որ հաջողությանը հավատալ չի կարողանում: Չէ՞ որ քարանձավներ էր այցելել` բնավ մտադրություն չունենալով այնտեղ նույնպես ուրվականներ փնտրել:
Եթե դեպքը տեղի ունեցած լիներ Քրնթրբերիում, թերևս զարմանալի չէր լինի` բոլորը կմտածեին, թե ուրվականների մասնագետին Օսկար Ուայլդի վիպակի հանրահայտ հերոսն է հայտնվել: Իսկ գուցե այս մեկն էլ նրա նման մի չարագործ է, օրինակ Ռոբին Հուդի մասին զրույցներից ծանոթ Նոթինգհեմի շերիֆը: Բայց եթե այդպես է, ուրեմն «հին ու բարի Անգլիայում» չարագործների հոգիներն, իրոք, հագիստ չեն գտնում` մինչև չգտնվի մի բարի հոգի ու նրանց հնարավորություն տա մեղքերը քավել: Ու հնարավոր է` 32-ամյա Թոնին էլ ա՜յս թափառական հոգու փրկիչն է դարձել:
Այս ամբողջի տրամաբանությանը հետևելով` պետք է հավատանք, որ թափառումի դատապարտված չարագործների հոգիները փրկել կարող են բացառապես անբիծ անհատները (ենթադրենք` Թոնին էլ է այդպիսին): Սակայն մեր աշխարհում չարագործ-անտարբեր-անբիծ տարանջատումը չէ՞ որ միլիոնավոր չարագործների համար ընդամենը տասնյակ անբիծ անհատներ կարող է առանձնացնել: Դե եկ, մոլորակ, դրան դիմացիր: