«Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց»

ԿԻՐԱԿԻՆ՝ ՏՈՆ և ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ

Մենք բոլորս հաճույքով հանգստանում ենք կիրակի օրերին՝ թոթափելով աշխատանքային շաբաթվա հոգսերը: Քչերը, սակայն, գիտեն դրա ծագման պատմությունը:
 
321թ. մարտի 7-ի կիրակին առաջին անգամ հանգստյան օր հայտարարվեց Հռոմեական կայսր Կոնստանտինի հրամանով: Միջնադարում արդեն կիրակին սկսեց ընկալվել որպես հանգստյան օր. այդ թվում՝ ֆեոդալա-ճորտատիրական հարաբերություններում: Արդեն XVII դարում Ռուսաստանում արգելվել է կիրակի օրն աշխատեցնել ճորտերին: 1699 թ. Արքայազն Օբոլենսկին նույնիսկ դատապարտվել է ազատազրկման՝ իր ճորտ գյուղացիներին այդ օրը աշխատել ստիպելու պատճառով:
 
Կիրակին՝ աշխատանքային օրենսդրության մեջ
 
Ավելի ուշ, XVIII դարում նման օրենքներ մտան մանուֆակտուրաների և նույնիսկ նավատորմի կանոնադրություններում: 
Եվրոպայում, սակայն, պետությունը շարունակում էր լիարժեքորեն չմիջամտել քաղաքացիների աշխատանքային ոլորտի կարգավորմանը: Եվ մինչև XIX դարը, կիրակի օրը հանգստանալու խնդիրը պաշտպանում էին արհեստակցական միությունները եւ աշխատավորները: Ավելին, որոշ գործատուներ զիջումներ էին անում և կազմակերպում էին իրենց աշխատողների հանգիստը: 
 
Կիրակիի տեղն օրացույցում
 
Տարբեր ժամանակներում կիրակին տարբեր տեղեր է զբաղեցրել օրացույցում: Հնագույն աշխարհում գոյություն ուներ «Աստղաբանական շաբաթ», որով կիրակին շաբաթվա չորրորդ օրն էր: Իսկ հին հռոմեացիների միտրաիզմ կրոնում կիրակին շաբաթվա յոթերորդ օրն էր: Քրիստոնեական և հուդայական օրացույցում կիրակի էր համարվում շաբաթվա առաջին օրը, քանի որ հենց այդ օրն էր ստեղծվել աշխարհը: Այդ պատճառով էլ կիրակին հաջորդ օրերը անվանվել են երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի: 
 
Մեր ժամանակներում ընդունված է ISO 8601 ամսաթվերի և ժամանակների միջազգային ստանդարտը, ըստ որի, կիրակի օրը համարվում է շաբաթվա վերջին օրը: Այսուհանդերձ, մի շարք երկրներում կիրակի օրը պահպանել է առաջին օրվա կարգավիճակը՝ Իսրայել, Միացյալ Նահանգներ և մի քանի աֆրիկյան երկրներ: Հետաքրքիր է, որ ըստ հրեական օրացույցի, տարին չի կարող սկսվել կիրակիից: Մեկ այլ առանձնահատկություն էլ կա. եթե ամիսը սկսվում է կիրակի օրով, ապա 13-րդ օրը միշտ լինում է ուրբաթ:
 
Կիրակին տոնական օր է
 
Քրիստոնյա շատ երկրներում կիրակի համարվում է եկեղեցի այցելելու օր, ինչպես նաև՝ տոն: Բացի այդ, համարվում է, որ կիրակի օրը չպետք է աշխատել, այլ՝ կարճ ժամանակով մոռանալ երկրային կյանքի մասին և նվիրվել հանգստին ու Աստծո հետ հաղորդակցվելուն: Այս կանոնը հիմնավորվում է նույնիսկ Չորրորդ պատվիրանով՝ 
 
- Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:
 
Քրիստոնեական ավանդույթով՝ կիրակին սկսվում է շաբաթ երեկոյան արևամուտից և ավարտվում կիրակի գիշերը. այդ պատճառով էլ շաբաթ երեկոն շատերը կոչում են կիրակնամուտ: Հետաքրքիր է, որ Սուրբ Հարության տոնը մշտապես կիրակի է ընկնում, իսկ յոթշաբաթյա Մեծ Պահքը սկսվում է երկուշաբթիից: