Երախտավորների ներկայությունն ավելի առարկայական կլինի
«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում այսօր բացված՝ մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսում ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկա էին մշակույթի և արվեստի գործիչներ:
- Այս ցուցահանդեսի գաղափարը շատ պատահական հղացավ՝ 2016-ին կայացած առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտավորներին, որ գալիք սերունդը չմոռանա նրանց ու հիշատակը միշտ վառ պահի,- ասաց նկարիչը:
Ն. Կիրակոսյանի փոխանցմամբ՝ խորագիրը կլինի շարունակելի.
- Անշուշտ, ցանկություն կա շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտավորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացված: Բանն այն է, որ այս աշխատանքներն արված են խիստ հաշվարկով. հաշվի ենք առել թատերական գործիչների միության ճեմասրահը, որտեղ շուտով կհանգրվանեն հայ բեմի երախտավորները:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարձր գնահատելով նկարչի արվեստը, Ն. Կիրակոսյանին պարգևատրեց ՀԹԳՄ ոսկե մեդալով՝ հայ բեմարվեստի երախտավորների դիմանկարները վարպետությամբ ստեղծելու և դրանք անհատույց Հայաստանի թատերական գործիչների միությանը նվիրաբերելու համար:
- Աննախադեպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացա: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ և շռայլ նվեր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն հեղինակին: Կարծում եմ, որ այն կծառայի նպատակին. ցավոք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտավորների մասին, - ասաց Հ. Ղազանչյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. սեպտեմբերի 6-ը: