Երաժշտական ճամբար՝ Դիլիջանում
ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿԸ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում ինքնատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Օգոստոսի 15-26-ը գեղատեսիլ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների երաժշտական ճամբար: Երաժշտական ճամբարի նպատակն է ստեղծել մեկ միասնական հարթակ՝ դրկից երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջև փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագա համատեղ նախագծերի մշակման համար:
Երաժշտական Հայաստանից և Վրաստանից կմասնակցեն 40 կոմպոզիտորներ և կատարողներ:
12 օրերի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ և վարպետության դասեր՝ հայաստանաբնակ և սփյուռքում ապրող անվանի հայ կոմպոզիտորների, կատարողների, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչների հետ:
Նախագծի շրջանակում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, ում ընդառաջությամբ միշտ կյանքի են կոչվում մշակութային կյանքն աշխուժացմանը նպաստող հետաքրքիր նախաձեռնությունները:
Հայ և վրացի արվեստագետների հավաքը չի սահմանափակվի միայն ներճամբարային առօրյայով: Նրանց համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երևանի թանգարաններ:
Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Ճամբարային հավաքի ավարտը կազդարարվի հրաժեշտի խարույկով: