Փայտակերտ ու քարաշեն

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՐՈՍՆԵՐՆ՝ ԻՐԵՆՑ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Երկու տարի հետո ազգովին նշելու ենք մեծ Լոռեցու 150-ամյա հոբելյանը: Եվ դրան ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին քանդակի սիմպոզիում էր կազմակերպել Բանաստեղծի ծննդավայր Դսեղում: 
 
Սիմպոզիումն ավարտվեց՝ երկու կարևոր առաքելություն կատարելով: Նախ, Լոռվա գողտրիկ այդ անկյունը ինքնատիպ թանգարան նվեր ստացավ ինքնատիպ թանգարան՝ բաց երկնքի տակ, ուր այսուհետ «ապրելու» են իր ծնած զավակի հեքիաթների և պոեմների հերոսների կերտած կերպարները: Բացի այդ, երիտասարդ արվեստագետները, թերևս, առաջին մնայուն քանդակները կերտեցին՝ իրենց պատկերացումներն ի պահ տալով բնությանն ու այցելուներին:
Ինչպես Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց՝  
 
- Սիմպոզիոմի երիտասարդ ղեկավարները կարողացան այնպես առաջնորդել մեզ, որ հիմնական մասնակիցները դարձան երիտասարդները: Հետաքրքիր է նաև, որ էսքիզներով ընտրված աշխատանքները շատ լավ աշխարհագրություն ապահովեցին: Այսինքն, ներկայացված են երիտասարդ քանդակագործներ՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ու շրջաններից, այդ թվում՝ Արցախից: Նաև մենք երիտասարդների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հատված ծառերը, որոնք սնամեջ էին և քամուց կարող էին շրջվել տանիքի վրա ու վնասել, այդ ծառերի բները մենք նույնպես երիտասարդների օգնությամբ կարողացանք վերածել թումանյանական հերոսների, ինչը ստեղծել է մի զարմանալի, հեքիաթային մթնոլորտ էստեղծել այստեղ:
 
Երիտասարդ քանդակագործների ներկայացրած էսքիզներից ընտրվել էին 12-ը։ Իսկ հունիսի 26-ից մեկ ամիս շարունակ Դսեղում բնակվելով և ստեղծագործելով՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի երիտասարդ քանդակագործները (գերազանցապես Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի ուսանողներ) արարել են՝ շունչ տալով քար ու փայտին և կերպավորելով ժողովրդական դարձած հերոսներին:
 
Այսուհետ արդեն այցելուները Դսեղի շրջանաձև այգուց մինչեւ տուն-թանգարան կարող են դիտել Թումայանի հերոսների քանդակները. հրապարակում՝ տուֆակերտ, իսկ տուն-թանգարանի բակում՝ փայտյա: Անուշի կերպարով քանդակները երեքն են, Քաջ Նազարինը՝ երկուսը։ Ասյտեղ են նաև Սուտլիկ Որսկանը, Գիքորը, Սևուկ ուլիկը, Շունն ու Կատուն, Թափառական աշուղը...