Ցոլակ Թոփչյան․ Անկայուն կյանքի գրաֆիկան

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում նոյեմբերի 4-ին տեղի կունենա Ցոլակ Թոփչյանի «Անկայուն կյանքի գրաֆիկան» ցուցահանդեսի բացումը, որը կգործի մինչև նոյեմբերի 28-ը։ 
 
Այս ցուցադրությամբ, որը կազմակերպվել է Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ համագործակցությամբ, Բոյաջյան ցուցասրահը սկսում է իր «Ակադեմիայի շրջանավարտները» շարքը։
 
Ցոլակ Թոփչյանը ծնվել է 1981 թվականին Գյումրիում։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը։ Նա ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքում (2023), Բրազիլիայում (2022), Մինսկում (2018) և Վիեննայում (2004)։ Թոփչյանի աշխատանքները պահվում են մասնավոր և հանրային հավաքածուներում՝ Հայաստանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում։ Արվեստագետը ներկայումս ապրում և աշխատում է Բեռլինում։
 
Անկախացումից ի վեր մեր կյանքն ակոսած ցնցումները փոխում են ժամանակի զգացումը։ Քո աշխարհի մոտալուտ սասանման վտանգը քեզ դնում է տագնապներով լի, անհամբեր հապճեպության մի ռեժիմի մեջ, ուր կենտրոնանալու, երկար մտածելու, նուրբ մոտենալու ժամանակ չկա։
 
Ցոլակ Թոփչյանի աշխատանքը ելնում է մշտատև անկայունության, ցնցումի այս զգացումները փարատելու կարիքից։ Կայունության՝ խելագարության հասցնող կարիքն այստեղ վերածվում է հետևողական, հավասար ռիթմի, որ ժամանակի չափում է ավելացնում արվեստի գործի մակերեսին։
 
Շարքով, իրարից նույն հեռավորությամբ արված թանաքի նուրբ ու նույնաձև հետքերը պարզապես պատկեր չեն, այլ նորմալության կրկնվող այն ռիթմը, որ նկարիչը ցավեցնող հետևողականությամբ փորձում է պահել մակերեսին։ Սրանից մարդկային ձեռքի՝ հաճախ աննկատ շեղումներն ավելի են սրում կարգը պահելու՝ անկայուն իրականությունից ծնված սևեռման զգացումը։
 
Ներկայացված երեք շարքերում գրաֆիկական գիծը ձգվում է ժամանակի մեջ՝ մակերեսին ստեղծելով կրկնաձև կառուցվածքներ, դրանք դնելով շերտավոր շարժման մեջ կամ հետազոտելով իր կայուն կառուցվածքն ունեցող կտորի հյուսվածքը։ Նկարիչն այսպես բազմապատկում է իր աշխատանքի մակերեսը՝ դրա վրա թողած հետքը վերածելով կյանքի անկայունությունը դարմանող ռիթմի։
 
Կուրատոր՝ Նարե Սահակյան