«Արարատյան մարդը» ֆիլմաշարի պրեմիերա
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ-140
Ձգտելով ճանաչել, գնահատել և հանրահռչակել մեր մշակույթն ու դրա արժանավոր ներկայացուցիչներին, հոկտեմբերի 31-ինԵրևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա «Արարատյան մարդը» ֆիլմաշարի պրեմիերան։
Ֆիլմաշարը ներկայացվում է «Կողբ» հիմնադրամի «Կոստան Զարյան 140» նախագծի շրջանակում՝ «ԲՈՒՆ» TV-ի հետ համագործակցությամբ։
«Արարատյան մարդը» բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու Կոստան Զարյանի աշխարհը՝ նրա գրականությունը, արվեստի ընկալումն ու փիլիսոփայությունը։
Ֆիլմաշարի ստեղծման գործընթացը շարունակվել է մի քանի ամիս՝ ներառելով նյութերի հավաքագրում և նկարահանումներ՝ գրողին առավել ամբողջական կերպով ներկայացնելու նպատակով։
Ֆիլմի տեքստի հեղինակն է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, ում արխիվից է տրամադրվել ֆիլմում ներառված արժեքավոր նյութերի մեծ մասը։ Տեր-Խաչատրյանը տարիներ շարունակ իր գործունեության կարևոր մասը նվիրել է Կոստան Զարյանի ուսումնասիրությանը և հանրահռչակմանը։
Սցենարի հեղինակը գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանն է։
Ֆիլմաշարը բաղկացած է 10 մասից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում է գրողի կյանքի և ստեղծագործական ուղու մի փուլ։ Հատուկ ֆիլմաշարի համար հարցազրույցներ են անցկացվել մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ, որը անձամբ է շփվել մեծ գրողի հետ, ինչպես նաև գրողի թոռան՝ ճարտարապետ Արա Զարյանի հետ՝ բացահայտելու Կոստան Զարյանի կյանքի և մտածողության նոր դրվագներ։
Ֆիլմաշարում անդրադարձ է կատարվում գրողի կյանքի կարևոր փուլերին՝ սկսած կրթությունից և հեղափոխական շարժումներին մասնակցությունից մինչև եղբոր՝ Հովհաննես Աբելյանի շրջիկ թատրոնում ներգրավվածությունը, հանդիպումը Հռոմի պապի հետ, ինչպես նաև շփումները ժամանակի մեծագույն արվեստագետների հետ։
«Կողբ» հիմնադրամի նպատակներից է նպաստել ինքնաճանաչմանը, ազգային մշակույթի ամրապնդմանը և զարգացմանը՝ ներկայացնելով մշակութային արժեքները բոլորին հասանելի և դիտարժան ձևաչափերով։
«Կոստան Զարյան 140» նախագիծը մեկնարկել է տարեսկզբին՝ Ազգային պատկերասրահում կայացած լայնամասշտաբ միջոցառմամբ, որտեղ իրենց հիշողություններով կիսվեցին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, պատմաբան Վարդան Մատթէոսեանը, ինչպես նաև Կոստան Զարյանի թոռները՝ Արա և Անաիս Զարյանները։ Երեկոյի ընթացքում հնչեցին Տիգրան Մանսուրյանի երեք խմբերգեր՝ գրված Կոստան Զարյանի «Ասացվածքների» հիման վրա
և ներկայացված «Հովեր» երգչախմբի կատարմամբ։
Նախագիծը միավորում է արվեստի տարբեր ձևեր՝ կերպարվեստ, երաժշտություն, գրականություն և այլ մշակութային դրսևորումներ։ Այն ներառում է նաև բանախոսություններ, ցուցադրություններ, հարցազրույցներ և այլ նախաձեռնություններ՝ ուղղված մեծանուն գրողի ժառանգության հանրահռչակմանը։
Կոստան Զարյանի կենսագրության հիման վրա ստեղծված նկարազարդումների շարք է ներկայացվել Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում և Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։
Այս պահին ընթացքի մեջ է նաև Կոստան Զարյանի դիմաքանդակի կերտման գործընթացը
(քանդակագործ՝ Մկրտիչ Մազմանյան)։
«Կոստան Զարյան 140» նախագիծը շարունակվում է նոր նախաձեռնություններով՝ նպատակ ունենալով նորովի ներկայացնել և հանրահռչակել մեծ գրողի կերպարը։





