Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնի երկրորդ մեկնարկը
«Ֆլեյտայի կամուրջներ» միջազգային նախագծի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ Երևանն արդեն երկրորդ անգամ կհամախմբի լայն ճանաչում ունեցող մեծանուն ֆլեյտհարներին աշխարհի տարբեր երկրներից։
Ֆլեյտայի միջազգային փառատոնը միտված է ակտիվացնել և զարգացնել ֆլեյտայի արվեստը Հայաստանում՝ ստեղծելով մասնագիտական միջավայր, շփման ու ստեղծագործական փորձի փոխանակման հնարավորություն աշխարհի լավագույն մասնագետների և Հայաստանի երիտասարդ պրոֆեսիոնալ ֆլեյտահարների միջև։
Փառատոնի նպատակն է խթանել ֆլեյտայի ժամանակակից մասնագիտական զարգացումները և թրենդների տարածումը Հայաստանում՝ դառնալով հանդիպման մի նոր հարթակ բոլոր ֆլեյտահարների համար։ Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնն իր մասշտաբով և համաշխարհային համբավ վայելող մենակատարների քանակով առանձնանում է մեր երկրի և տարածաշրջանի նմանատիպ փառատոներից։
Փառատոնի շրջանակներում ֆլեյտահարները և ֆլեյտայի երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան 5 օր շարունակ՝ հոկտեմբերի 26-31-ը, մասնակցելու ավելի քան 100 վարպետության դասերի, դասախոսությունների և ստեղծագործական հանդիպումների։ Իսկ հայտնի մենակատարների
մասնակցությամբ տեղի կունենան 3 համերգներ։
Փառատոնի բացման համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համաշխարհային համբավ ունեցող ֆլեյտահարները հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ․ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան։
Փառատոնային մյուս երկու համերգները տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
Այս համերգային երեկոներին մենակատարները ելույթ կունենան KV Art անսամբլի նվագակցությամբ և Նարեկ Ավագյանի ղեկավարությամբ։
Ընդհանուր առմամբ, փառատոնն այս տարի ընդունելու է ֆլեյտահարների, դասախոսների, ուսանողների և հյուրերի աշխարհի 13 երկրների 21 քաղաքներից: Հյուրերի և մենակատարների թվում են ֆլեյտահարներ՝ Վենսան Լյուկան (Ֆրանսիա), Մարիո Բրունոն (Իտալիա), Դենիս Լուպաչովը (Ռուսաստան), Նարեկ Ավագյանը (Հայաստան), Երժան Կուշանովը (Ղազախստան), Էլեն Վիրաբյանը (Ռուսաստան, Հայաստան), Եվգենիա Շպալինգերը (Շվեյցարիա), Զառա Փարվանյանը (Ռուսաստան), Դիմիտրի Ստավրիանիդին (Հունաստան, Վրաստան), Արման Աբրահամյանը (Հայաստան), Վասիլիսա Մելնիկովան (Ռուսաստան), դաշնակահարներ Աստղիկ Ղուկասյանը (Հայաստան), Եկատերինա Իվանովան (Ռուսաստան), Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), թավջութակահար Վահե Դանիելյանը (Հայաստան) ։
Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է Վարդան Վիրաբյանը, ով նաև գլխավորում է «Ֆլեյտային կամուրջներ» միջազգային նախագիծը։





