«Անտանելի»-ն՝ «Հայ ֆեստ»-ի շրջանակում

ԱՅՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԷԴԻՆԲՈՒՐԳԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հայաստանի ամենամեծ թատերական «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 4-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կցուցադրվի «Անտանելի» ներկայացումը։ 
«Անտանելի»-ն բազմադիսցիպլինար ներկայացում է, որը ծնվել է մասնակիցների պատմություններից և ստեղծվել է hosq-ի Études Lab-ում: 
 
Բաժանված լինելով չորս մասի՝ այն անցնում է աքսորի, շրջակա միջավայրի ակտիվիզմի, սոցիալական ճնշման, թվայնացման և կանացի մարմնի՝ որպես պայքարի և դիմադրության տարածքի թեմաներով: Միասին դրանք միաձուլվում են մեկ բառի շուրջ, և այդ բառն է «անտանելի»: 
 
Ներկայացման գեղարվեստական ղեկավարն է Études Lab-ի համադրողներից «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե Գալստյանը։ Լաբորատորիայից հետո ներկայացումը ստացել է ավելի զարգանալու հնարավորություն, և առավել թարմացված տեսքով ցուցադրվելու է «Հայ ֆեստ»-ին։ 
 
Բացի այդ, այս տարի աշխարհի լավագույն փառատոններից մեկը համարվող Էդինբուրգի միջազգային ամենամյա փառատոնին «Միհր» թատրոնը ներկայացել է «Պանդխտության երգը» ներկայացումով։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեզի «Անտանելի»-ն, որում նաև ներգրավված են մասնակիցներ «Միհր» թատրոնից, հաջորդ տարի ներկայացվի Էդինբուրգի միջազգային փառատոնին։
 
- Այս ներկայացումը մեր լաբորատորիայում ծնվել է մարդկային իրական պատմություններից։ Մենք փորձել ենք ձև տալ այն զգացողություններին, որոնք շատ հաճախ մնում են ներսում՝ չարտահայտված։ «Անտանելի»-ն այն մասին է, թե ինչպես է մարդը գոյատևում ճնշումների ներքո, ինչպիսի պատասխաններ է գտնում թվայնացման ու անորոշ ապագայի պայմաններում, ինչպես է կանացի մարմինը վերածվում պայքարի ու դիմադրության տարածքի։ Մենք հավատում ենք, որ եթե այսօր ունենք համարձակություն բարձրաձայնելու այն, ինչ թվում է անտանելի, դա նշանակում է, որ արվեստը շարունակում է լինել մեր գոյության ամենահզոր ուժը,- նշում են hosq-ից։