«Ծաղիկներ, որ չչորացան»
ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՈՒՂԻՆ՝ «ԾԱՂԻԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ»
ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սևադա Սարգսյանի երեք տասնամյակի գեղարվեստական ուղին օրերս ներկայացվեց «ծաղիկների լեզվով»․ Մանկավարժական համալսարանում բացվեց մանկավարժ-գեղանկարչի՝ «Ծաղիկներ, որ չչորացան» խորագրով անհատական ցուցահանդեսը։
12-րդ ցուցահանդեսը արվեստագետի ստեղծագործական կյանքի 30 տարվա համադրական անդրադարձն է․ ներկայացված 30 աշխատանքը խորհրդանշում են տարիների ընթացքում կուտակված ստեղծագործական փորձը, զգացողություններն ու ոճային որոնումները։
Բազմազան տեխնիկաներով և նյութերով ստեղծված, գեղարվեստական տարբեր մոտեցումներով, ոճերով, ուղղություններով ծնունդ առած ստեղծագործություններին միավորում է ծաղկի թեման․ հեղինակը կիրառել է տարբեր մեթոդներ՝ փնտրելով ծաղկի կերպարի նոր ձևակերպումներ, լուծումներ և զգայական արտահայտման ձևեր։
«Ծաղիկներ, որ չչորացան» ցուցահանդեսին ներկա էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, արվեստասերներ, ուսանողներ։
Բացման իր խոսքում ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ ծաղիկները վաղուց իրենց հիմնարար և կարևորագույն տեղն ունեն նկարիչների գործունեության մեջ․ծաղկի հարատևության, գույնի և տրամադրություն ստեղծելու կարողությունը դարձել են ինքնաիրացման և ստեղծագործական ոլորտի արտահայտման միջոց։
Նա անդրադարձավ աշխարհահռչակ նկարիչների ստեղծած գործերին՝ ընդգծելով՝ ծաղկի միջոցով է արտահայտվել բովանդակային այն բաղադրիչը, որը որպես տրամադրություն, ներքին հոգեկան ռեսուրս, պարզագույն, բայցև շքեղ երևույթ, յուրաքանչյուրիս կյանքին նոր գույն և հետաքրություն, օբյեկտիվ իրականության հետ ներգործելու յուրահատուկ միջոց է դարձել։
Սրբուհի Գևորգյանը Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Սևադա Սարգսյանի ցուցադրությունը դիտարկեց տարբեր տրամադրությունների, վրձնահարվածների, ստեղծագործողին հուզող բաղադրիչների, գույների հայտնագործությունների մեջ իր հոգեկան ռեսուրսը գտած և այսօր արդեն իր ներքին մտորումները, իրավիճակները ներկաների հետ կիսելու կարևոր հնարավորություն։
Ռեկտորը բարձր գնահատեց նաև գեղանկարչի ստեղծած քանդակները, որոնք, ըստ նրա, ևս արտահայտում են ծաղկի հարատևությունը, մարդու հետ փոխներգործելու հավերժական հարցադրումները։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը Սևադա Սարգսյանի աշխատանքները համարում է խորն ասելիքով լի․ առկա բաց գույների նրբությունը, քողարկված գաղտնի լույսի առկայությունը հաստատում են՝ որքան զուսպ է ինքը՝ հեղինակը, և նրա ստեղծած նկարչությունը։
- Սևադա Սարգսյանի արվեստը կյանքի արարման, խորհրդի, բազմաբովանդակության վառ արտահայտությունն է․յուրաքանչյուր ծաղիկ, իր ձևի մեջ, տեսակով և գույնով ունի ասելիք, ինչն էլ վարպետորեն ներկայացված է։ Որպես գեղանկարիչ՝ պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դժվար է անդրադառնալ ծաղիկների։ Այս աշխատանքները երկարատև մտորումի արդյուքն են,- նշեց Արա Հակոբյանն ու հավելեց՝ վստահորեն կարելի է ասել, որ մանկավարժ, գիտնական լինելուց բացի, Սևադա Սարգսյանն արդի հայ կերպարվեստի շնորհալի արվեստագետներից մեկն է։
Սևադա Սարգսյանի ինքնատիպ արվեստը բարձր գնահատեցին նաև Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Միքակ Մելքոնյանն ու պրոֆեսոր Արտաշես Քեշիշանը՝ ընդգծելով քանդակների դետալների ընտրությունը, ձևն ու համադրությունը, գեղնակարների կերպարային մոտեցումն ու կոմպոզիցիան։
Գեղանկարիչ-մանկավարժ Սևադա Սարգսյանը նկատում է՝ յուրաքանչյուր արվեստագետ անհատական ցուցահանդեսի պատրաստվելիս ընտրում է իր լավագույն գործերը․այս դեպքում մոտեցումն այլ էր։ Նրա դիտարկմամբ՝ գեղարվեստական գործառույթից բացի, ցուցահանդեսում առկա է մեթոդական բաղադրիչը․ներկայացված է ծաղկի կերպարը, ընկալումը, արվեստի հավերժությունը, հիշողության, զգացողության և գույնի տևականությունը ստեղծագործության մեջ, ձևակերպումներն ու այն փոփոխությունները, որոնց այն ենթարկվել է ժամանակի ընթացքում։
Սևադա Սարգսյանը նշում է՝ ներկայացված աշխատանքների մի մասն արխիվացված էր, մյուս մասը՝ մասնավոր հավաքածուներում։ Առաջին անգամ մեկ ամբողջության մեջ տեսնելով, ոգեշնչվելով տեսածից, ընտրել է «Ծաղիկներ, որ չչորացան» ցուցահանդեսի խորագիրը։
Գեղնակարիչը խոստովանում է՝ եկել է մի եզրահանգման՝ պետք է շարունակի ծաղիկներ նկարել․ դեռ չի նկարել այն ծաղիկը, որն ամենաշատն է հավանում․
- Երանի հետագայում էլ փնտրեմ այդ հավերժական ծաղիկը, որ հավերժ է նաև բնության մեջ, ոչ թե նկարներում․գուցե՝գտնեմ,- ամփոփեց արվեստագետը։





