«Երաժշտություն՝ պատերազմի ժամանակ»

ԿԻՐԻԼ ԳԵՐՇՏԵՅՆԻ ԵՎ ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով բացառիկ համերգային երեկո՝ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի և ժամանակակից օպերային արվեստի փայլող աստղ, մեծ ճանաչում ունեցող սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությամբ։
 
Համերգը նախաձեռնել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ համագործակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ և իրականացվում է Եվրոպական միության Horizon Europe ERA Chair ծրագրի ֆինանսավորմամբ։
 
Միջոցառումը նաև հանդիսանալու է մեկնարկային համերգը Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմակերպած «Ազգային ինքնությունը ճգնաժամի օրոք» միջազգային գիտաժողովի։ Վերջինս անցկացվում է Նյու Յորքի համալսարանի Առաջադեմ ուսումնասիրությունների գլոբալ ինստիտուտի, Հայ գիտնականների ընկերակցության և Թուրփանջյան հասարակական գիտությունների ինստիտուտի աջակցությամբ։
 
Համերգի ավարտին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում կկայանա «Երաժշտություն պատերազմի ժամանակ» ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը։ Ձայնասկավառակում ընդգրկված են Դեբյուսիի և Կոմիտասի ստեղծագործությունները՝ Կիրիլ Գերշտեյնի, Կատյա Սկանավիի, Թոմաս Ադեսի և Ռուզան Մանթաշյանի կատարմամբ։
 
Կիրիլ Գերշտեյնը միջազգային ճանաչում ունեցող վիրտուոզ է՝ բացառիկ տեխնիկայով և խորը երաժշտական ինտերպրետացիայով։ Ծնվել է 1979 թվականին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում։ Գերշտեյնը իր կարիերան սկսել է որպես ջազի հրաշամանուկ՝ 14 տարեկանում դառնալով Բերկլիի երաժշտական քոլեջի ամենաերիտասարդ ուսանողը։ Այնուհետև ուսումը շարունակել է Մանհեթենի երաժշտական դպրոցում, Մադրիդում և Բուդապեշտում։
 
Նա առաջին մրցանակի է արժանացել Արթուր Ռուբինշտեյնի անվան միջազգային մրցույթում (2001թ.) և դարձել է հեղինակավոր Գիլմոր մրցանակի դափնեկիր (2010թ.)։ Գերշտեյնը հանդես է գալիս աշխարհի առաջատար նվագախմբերի և համերգասրահների հետ, այդ թվում՝ Բեռլինի և Վիեննայի ֆիլհարմոնիկները, Լոնդոնի սիմֆոնիկը, ինչպես նաև Չիկագոյի և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբերը։
 
Համագործակցել է Թոմաս Ադեսի, Չիք Կորեայի, Բրեդ Մելդաուի և այլ կոմպոզիտորների հետ՝ բազմաթիվ ստեղծագործություններ առաջին անգամ կատարելով։ 2019թ-ին ներկայացրել է Թոմաս Ադեսի դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։
 
Ներկայումս դասավանդում է Բեռլինի Հանս Այսլերի բարձրագույն երաժշտական դպրոցում և Քրոնբերգ ակադեմիայում։
 
Քննադատների կողմից գնահատվում է որպես դաշնակահար, ով համադրում է «փայլուն տեխնիկա, երևակայություն և պոետիկ խորություն»։ 
 
Ռուզան Մանթաշյանը՝ ճանաչված սոպրանո և միջազգային բեմերի աստղ, ժամանակակից օպերային արվեստի ամենավառ արտահայտչականություն ունեցող ձայներից մեկն է։ Նա հաղթել է «Օպերալիա» և Չայկովսկու անվան հեղինակավոր միջազգային մրցույթներում, իսկ նրա ելույթները մշտապես արժանանում են քննադատների և հանդիսատեսի բարձր գնահատականին։
 
Երաժշտական կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուհետև կատարելագործվել Գերմանիայում՝ Դրեզդենի բարձրագույն երաժշտական դպրոցում։
 
Ռուզան Մանթաշյանի ձայնային փայլը, դրամատիկ վարպետությունն ու արտիստիզմը նրան բերել են համերգային և օպերային բազմաթիվ հրավերներ Եվրոպայի լավագույն բեմերից՝ Փարիզի Ազգային օպերա, Վիեննայի և Բեռլինի պետական օպերաներ, Սեմպեր օպերա և բազմաթիվ հեղինակավոր փառատոններ։ Համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորների՝ Դանիել Բարենբոյմի, Քրիստիան Տիլեմանի, Ֆաբիո Լուիզիի և այլոց հետ։
 
Ռուզան Մանթաշյանի բազմազան երգացանկը ներառում է ինչպես լիրիկական, այնպես էլ դրամատիկ պարտիաներ՝ Մոցարտից մինչև Վերդի, ինչպես նաև համերգային ռեպերտուար և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
 
Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա