Մեկնարկում է «Խաչմերուկներ» փառատոնը

ԱՅՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «ԷՌՆՍՏ ՖՈՆ ՍԻՄԵՆՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ

«Խաչմերուկներ. Ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» յոթերորդ փառատոնը այս տարի կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 9-ը։ Փառատոնն ընդգրկում է հանրային քննարկումներ, վարպետության դասեր, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ համերգային երեկոներ՝ հաստատելով իր կարևորությունը Հայաստանի մշակութային քարտեզի վրա։
 
2025 թվականին «Խաչմերուկներ» փառատոնը արձանագրել է իր ամենախոշոր միջազգային ճանաչումը՝ դառնալով առաջին հայկական փառատոնը, որն արժանացել է հեղինակավոր Ernst von Siemens երաժշտական հիմնադրամի աջակցությանը։ Այս փաստը ոչ միայն նշանավորում է փառատոնի բարձր պրոֆեսիոնալ մակարդակը, այլև կարևոր ներդրում է հայկական ժամանակակից երաժշտության միջազգային ներկայացման գործում։
 
Փառատոնի ծրագիրը մեկնարկում է մայիսի 26-ին, ժամը 16:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ «Կոմպոզիտորի դիմանկար» շարքի շրջանակում ներկայացնելով ուկրաինացի կոմպոզիտոր Կարմելլա Ցեպկոլենկոյին։
 
Մայիսի 27-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կանցկացվի հանրային զրույց՝ ժամանակակից կոմպոզիտորների մասնակցությամբ։ Զրույցին կմասնակցեն Կարմելլա Ցեպկոլենկոն, Տիգրան Մանսուրյանը, Արամ Հովհաննիսյանը և Ռուբեն Անտոնյանը։ Նույն օրը կկայանա փառատոնի բացման հանդիսավոր համերգը՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Ծրագրում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հեղինակներ՝ Տիգրան Մանսուրյան, Կարմելլա Ցեպկոլենկո (փառատոնի պատվերով գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերա), Ջուլիանո Բրակկի, Արամ Հովհաննիսյան, Ռուբեն Անտոնյան և Դյորդ Կուրտագ։
 
Մայիսի 28-ին Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կանցկացվի վարպետության դաս Կարմելլա Ցեպկոլենկոյի հետ, որի ընթացքում հանդես կգան ուսանող-կոմպոզիտորներ՝ Նապոլեոն Պողոսյանը, Շուշան Արևշատյանը, Հուսեյն Սադեղը, Էրիկա Մարկոսյանը և Միլետա Ղազանչյանը։
 
Հունիսի 6-ին Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կանցկացվի սեմինար՝ «Նախագծային մտածողությունը կոմպոզիցիայում» խորագրով, որը կվարի Արամ Հովհաննիսյանը։
Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ՀԲԸՄ դահլիճում՝ «Բումերանգ» անսամբլի (Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ) կատարմամբ։ Հնչելու են Ալբան Բերգի, Ջորջ Քրամբի, Տիբոր Շիրովիչայի, Օլիվիե Մեսսիանի և Սիրիլ Սքոթի ստեղծագործությունները։
 
«Խաչմերուկներ» փառատոնն այս տարի դառնում է ոչ միայն երաժշտական իրադարձություն, այլև մշակութային հարթակ, որտեղ միմյանց են հանդիպում փորձը, նորարարությունը և երաժշտական երկխոսությունը՝ հանուն ժամանակակից ստեղծագործական մտքի զարգացման։
 
«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Ընդ որում՝ դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։  Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։ Ուստի տարբեր տարիներին այն իր ծրագրում ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։
 
Փառատոնն իրականացնում է «Քառորդ տոն»  հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։