Կյանքի խաղը և բանտարկված պատանիները

ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ՝ ՆՈՐ ՍԵՐԻԱԼՈՒՄ

Երկրորդ հնարավորություն, պատասխանատվություն և կյանքի դժվարությունների հաղթահարում. այս թեմաներն են արծարծվում «11» բազմասերիանոց ֆիլմում, որի կենտրոնում կարիերան ավարտած ֆուտբոլիստն է և բանտարկված անչափահասները:
 
Մայիսի 14-ից հայ հանդիսատեսին կներկայացվի «Kinodaran»-ի նոր՝ 12 մասից բաղկացած սերիալը՝ «11»-ը։ Ֆիլմը պատմում է մարզչական կարիերայի վերջնագիծ հասած նախկին ֆուտբոլիստի մասին, որն իր գործած հանցագործության պատճառով դատապարտվում է ուղղիչ աշխատանքների։ Այստեղ նա սկսում է մարզել անչափահաս դատապարտյալների թիմին։
 
Նախագիծը կյանքի է կոչվել «Kinodaran»-ի ջանքերով. պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Սոս Ջանիբեկյանը։
 
- Ուզում էինք նկարահանել սպորտային դրամա, քանի որ Հայաստանում ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևն է։ Ֆիլմի հիմքում նաև իրական պատմություններ ու մարդիկ են,- նշում է Ռաֆայել Թադևոսյանը։
 
Ֆիլմը, սակայն, դուրս է գալիս սպորտի սահմաններից և խորանում ավելի լուրջ սոցիալական խնդիրների մեջ՝ անդրադառնալով վերականգնողական արդարադատությանը, երիտասարդ հանցագործների վերասոցիալականացմանը և մարզիչների կարևոր դերին։ Կենտրոնական հերոսը, վերափոխվելով, սկսում է պատասխանատվություն զգալ ուրիշների ճակատագրի համար։
 
- Ֆիլմի կարևորագույն ուղերձներից մեկն այն է, որ դեռահասներն իրենց կատարած սխալների համար այնքան մեղավոր չեն, որքան նրանց շրջապատը՝ ծնողները, ընկերները և միջավայրի մարդիկ։ Այս գաղափարը շատ հոգեհարազատ է ինձ, և հենց դա էլ ամենից շատ գրավեց սցենարում,- ասում է գլխավոր դերակատար Սոս Ջանիբեկյանը։
 
Ռաֆայել Թադևոսյանն իր հերթին հավելում է. «Մեր ստեղծագործական թիմի նպատակն է ցույց տալ, որ նույնիսկ մեկ լուրջ սխալից հետո հնարավոր է վերադառնալ ու վերաինտեգրվել հասարակություն, իսկ սպորտը դրա լավագույն ճանապարհներից մեկն է»։
 
- Ֆիլմում առաջնային են մարդկային ճակատագրերը, նրանց փոխհարաբերությունները, մարդկային պատմությունները, որոնք կարևոր են, և հենց այդ ուղղությամբ եմ աշխատում,- ամփոփում է Ջանիբեկյանը։
 
Բազմասերիանոց ֆիլմը «Kinodaran»-ի հարթակում մեկնարկելու է մայիսի 14-ին։
«Kinodaran»-ը հայկական ստրիմինգաին օնլայն կինոթատրոն է, որի նպատակն է զարգացնել ու հանրայնացնել հայկական ֆիլմարտադրությունը։
 
«Kinodaran»-ը հնարավորություն է տալիս օգտատերերին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում դիտել հայկական կինոարտադրության լավագույն աշխատանքները՝ բարձր որակով։ Պլատֆորմը խթանում է տեղական կինոարտադրության զարգացումը՝ տրամադրելով հարթակ, որտեղ հանդիսատեսը կարող է հեշտությամբ բացահայտել և վայելել հայկական մշակույթի հարուստ կինեմատոգրաֆիկ ժառանգությունը։ 
 
Այս նորարարական հարթակը ոչ միայն միավորում է հանդիսատեսին, այլև աջակցում է հայ կինոգործիչներին՝ իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի։