Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ, ԳՐԱՖԻԿԱՅԻ, ՔԱՆԴԱԿԻ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՈՒԹ ՀԱՐԿ՝ ՉՈՐՍ ՏԱՐՎԱ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հայաստանի ազգային պատկերասրահը ապրիլի 15-ին պաշտոնապես կվերաբացվի՝ բոլորովին նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով, նոր հնարավորություններով:
 
2021-ից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով են վերաձևավորվել ցուցասրահները: 
 
Պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները
 
Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցներն, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Սակայն պատկերասրահի նոր՝շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր՝ պահոցից։ 
 
Վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների,  իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:   
 
Կամուրջ՝ ժամանակի և արվեստների միջև 
 
Վերաբացման տոնական արարողությունը արվեստի տարբեր ձևերի միաձուլում է։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր հարկերում ժամանակակից հայ արվեստագետները կներկայացնեն հատուկ համադրված երաժշտական կատարումներ՝ ընդգծելով պատկերասրահի դերը իբրև կամուրջ` դասականի ու ժամանակակիցի, վիզուալ արվեստի ու երաժշտության, անցյալի ու ապագայի միջև:
 
Տարբեր ցուցասրահներում նախատեսվում են ինտերակտիվ աուդիոինստալյացիաներ և փորձարարական երաժշտական փերֆորմանսներ:
Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել է խորհրդանշական անակնկալ։