«...Եսը խառնել մեծ մենքի հետ...» ու քիչ խոսել «ես»֊ից
ՄԱՐՏԻ 27֊Ը ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

1. Երեսուն հարց, երեսունամյակի առիթով... սկսենք։ Ո՞րն էր վերջին տարիներին քո կյանքի ամենակարևոր ընտրությունը, և արդյո՞ք ժամանակի ընթացքում փոխվել է քո վերաբերմունքը դրա հանդեպ:
- Վերջին տարիներին ես վայրիվերումների մեջ եմ։ Շատ կարևոր որոշումներ են կայացվել, որոնք ուղղակիորեն ազդել են ինձ վրա՝ թե' հոգեբանորեն, թե' ֆիզիկապես։ Բայց առաջին հերթին` հոգեբանորեն։ Ամենադժվարամարսն այս ամենում այն է, որ այդ որոշումների ճնշող մեծամասնությունը ինձ պարտադրված են եղել ու չեն կայացվել իմ կողմից, իմ ցանկությամբ։
2. Հասցրե՞լ, արդյոք, գտնել այն հավասարակշռությունը արարելու և պահպանելու միջև, որի մասին հաճախ ես խորհել ստեղծագործական կենսագրության ամենասկզբից:
- Այդ երկու հասկացողությունները առանց մեկմեկու չեն գոյատևի։ Չես կարող արարել որևէ նոր բան՝ առանց ինչ֊որ կայուն հիմքի։ Հետևապես նախ պետք է պահպանես։ Իսկ արարելուց հետո պետք է պահպանես այդ նորը, որ հետո դա էլ մի ուրիշ նորի հիմք ծառայի։ Այս առումով, այո, բարեբախտաբար գտել եմ հավասարակշռությունը։
3. Ի՞նչ նոր կողմեր ես բացահայտել գրականության մեջ: Կա՞ն թեմաներ, որոնցից նախկինում խուսափում էիր, բայց այժմ պատրաստ ես ուսումնասիրել:
- Ես իմ ստեղծագործական կենսագրության մեջ ավելի երկար զբաղվել եմ գրականությամբ, քան թատրոնով։ Ավելի մեծ համարում և ձեռքբերումներ եմ ունեցել որպես գրականության ներկայացուցիչ, քան՝ որպես դերասան կամ բեմադրիչ։ Այնուամենայնիվ, ինքս էլ չգիտեմ, թե ինչու ինձ միշտ համարել եմ թատերական գործիչ։ Գրականություն էլ մտել եմ նախ՝ թատրոնով։ Այսինքն՝ այն միտումով, որ իմ պիեսները անհրաժեշտ եմ համարել թատերական կյանքի համար։ Մեծամասամբ գրել եմ պիեսներ, պատմական պիեսներ։ Հիմա նաև կոմերցիոն ժանրերում եմ փորձում ինձ․ օրինակ՝ ֆենթեզիի ժանրում։ Նախկինում գուցե չանեի։ Ինքնաարտահայտվում եմ երբեմն պոեզիայի միջոցով։ Գնա ու բանաստեղծից պիես պահանջիր։ Չի ստացվի․ նույնն է հակառակ պարագայում, ու... ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի։ Ոմանք, նույնիսկ մեծ լավություն կանեն՝ գրիչը վայր դնելով։ Բայց հաջողության հասնելու հարցում խիզախումը կարևոր գործոն է։
4. Ինչպե՞ս է փոխվել քո դերը մշակութային համայնքում: Զգո՞ւմ ես, որ քո ջանքերը միջազգային համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ արդյունք են տվել:
- Անդամակցելով բազմաթիվ համահայկական և միջազգային մշակութային կառույցների և դրանցում ունենալով որոշակի դերակատարում, ես գրական գործչից վերածվել եմ մշակութային-հասարակական գործչի, կազմակերպչի։ Սա մեծապես վնասել է ինձ որպես գրող։ Վերջին պիեսը, չհաշված մի երկու մանկական բեմականացում, որ ստեղծել եմ հայտնի հեքիաթների մոտիվներով, գրել եմ 2021-ին։ Անցել է չորս տարի։ Սա մեծ ողբերգություն է գրողի համար, ով ունի ասելիքի մեծ կուտակում ու չմարված պարտքեր։ Բայց, այո, ես հավատում եմ, կամ գոնե հուսադրում եմ ինձ նրանով, որ միջազգային մշակութային բարեկամության զարգացմանն ուղղված իմ գործունեությունը այս պահին ավելի կարևոր է։
5. Շարունակո՞ւմ ես քննել փիլիսոփայական և առեղծվածային թեմաներ քո ստեղծագործություններում: Ի՞նչ նոր բացահայտումներ կամ պատասխաններ ես գտել:
- Մի առիթով գրել եմ, որ կյանքի գեղեցկությունը դրա հավերժականության պատրանքի մեջ է։ Ես, ցավոք սրտի, դադարել եմ ապրել այդ պատրանքով։ Կյանքը դադարել եմ հավերժական համարել, ուստի, ինչ-որ չափով կորցրել եմ կյանքի գեղեցկությունը։ Սրանում մեծամասամբ ինքս եմ մեղավոր և ինքս էլ պիտի փորձեմ գտնել այդ կորսված գույնը։
6. Եթե հնարավորություն ունենայիր հետ գնալ ժամանակում, ի՞նչ խորհուրդ կտայիր քեզ:
- Կասեի՝ մի' շտապիր։ Վայելիր մանկությունդ, ապա պատանեկությունդ, վերջապես՝ երիտասարդությունդ։ Մի' շտապիր դեպի հասուն կյանք։
Թեև իմ կյանքում շատ նախախնամություններ մղել են այդ շտապողականությանը, բայց ինքս էլ չեմ խուսափել շտապելուց։
7. Ո՞րն է քո կոչումը: Փոխվե՞լ է, արդյոք, այն ժամանակի ընթացքում:
- Կոչումը` պայքարելն է, արարելն է։ Ի՞նչ արարել՝ կարևոր չէ։ Ստեղծել մի նոր բան այն հիմքերի վրա, որի մասին խոսում էի քիչ առաջ։ Սա կլինի նոր խոսք թատրոնում կամ գրականության մեջ, թե՝ հասարակական գործունեության մեջ՝ էական չէ։
8. Ինչպե՞ս են քո գրքերը ազդել ընթերցողների վրա: Ո՞ր արձագանքներն են քեզ ամենաշատը տպավորել:
- Գովեստի խոսքեր շատ եմ լսել։ Շատ-շատ։ Այնքան շատ, որ անգամ կասկածում եմ բոլորի իսկությանն ու ազնվությանը։ Այնուամենայնիվ պետք է առանձնացնեմ մոլդովացի արվեստաբան Լյուդմիլա Կուլիկովային, ով ընթերցելով իմ «Чтобы сохранить верность» պատմական դրաման, դրա ազդեցության տակ գրել էր «Киликийский царь» բանաստեղծությունը։ Դա ամենախոսուն գովեստն էր ու հավանության մեծագույն դրսևորումը, նաև իմ ազդեցությունը, որպես գրող։ Այդ բանաստեղծությունը այնքան է ինձ հուզել, որ թեև անգիր չգիտեմ, բայց վստահաբար կարող եմ ձայնակցել այն կարդացողին։
9. Կարողացե՞լ ես այցելել այն վայրերը, որոնց մասին երազում էիր: Ո՞ր մշակութային բացահայտումներն են քեզ առավել ոգեշնչել:
- Ոչ, չեմ կարողացել այցելել։ Իսկ ոգեշնչել են ոչ թե մշակութային, այլ մշակութային գործիչների բացահայտումները։ Ոմանց այլ լույսի ներքո եմ սկսել տեսնել ու... դա հիանալի է։ Դա ստիպում է կյանքն ընկալել ավելի լուսավոր կողմից։ Ես ինձ հարուստ եմ համարում բարեկամներով, ու թեև հազարապատիկ ավելի են չարակամները, իմ բարեկամները հզոր անհատներ են, պիտանի հայեր։
10. Եթե նկարագրես քեզ մեկ բառով, ո՞րն է այդ բառը: Եվ ինչպե՞ս է այն տարբերվում այն բառից, որով կբնութագրեիր քեզ անցյալում:
- Ես ինձ կբնութագրեմ՝ «ռոմանտիկ» բառով։ Նախկինում էլ է էդպես եղել ու, ես այդ հատկությունը սիրում եմ, թերևս դրա համար էլ փորձել եմ պահպանել։ Ես ինձ միշտ ավելի մեծ եմ զգացել իմ տարիքից, բայց, նոր թվով սկսվող տարիքը միշտ էլ դժվար է ընդունել։ Ֆորմալ առումով ես անցա երիտասարդության շեմը ու թե ուր կտանի ինձ կյանքը՝ ինքս էլ չգիտեմ։
11. Չնայած երիտասարդ տարիքիդ՝ դու վաղուց հայտնի անուն ես արվեստի ոլորտում։ Ի՞նչ խորհուդ կտաս ավելի համեստ կենսագրությամբ երիտասարդ գործիչներին։
- Այդ «հայտնիությունը» հենց շտապելու հետևանքն է։ Մանկության ու պատանեկության կորստի հաշվին ժամանակից շուտ մեծանալու հետևանքը։ Խուրհուրդ... էխ, բարդ բան է ու միաժամանակ՝ շատ հեշտ։ Թատերական գործիչներին, դերասաններին խորհուրդ կտամ սիրել թատրոնը, շատ սիրել։ Թատրոնը հրաշալի բան է։ Խորհուրդ կտամ չհրաժարվել որևէ կերպար անձնավորելուց, խաղալ ամեն ինչ, առավել ևս, եթե կարծում են, թե իրենց խառնվածքին հարմար կերպար չէ։ Բեմադրիչներին խորհուրդ կտամ բեմադրելուց հետո պատասխան ունենալ՝ ինչո՞ւ հենց այս հեղինակը, ինչո՞ւ հենց այս թեման, ի՞նչ է դա տալիս այսօրվա մարդուն, այսօրվա հային։ Գրողներին... գրողներին խորհուրդ կտամ ավելի շատ ընթերցող լինել ու ավելի շատ էս կյանքից լինել։ Հարստացնել բառադարանն ու սովորել անսխալ հայերենով խոսել իրենց երկերում։ Պարույր Սևակի ասած՝ «...եսը խառնել մեծ մենքի հետ...» ու քիչ խոսել «Ես»֊ից։ Ո՞ր ընթերցողին կհետաքրքրի այն խոսքը, որին ապրումակցել չի կարող, որի միջով չի անցել, որը նրան չի հուզում։ Սրանք բարդ հարցեր են ու... առանձին թեմա։
12. Ծննդյան օրով ի՞նչն է քեզ պակասում հիմա։
- Հարազատները, որոնք կողքիս չեն։ Վերջապես՝ այն ընկերներս, որոնց ձայնն ու հոգատար խոսքն այլևս չենք լսի։ Դրանք ավագ ընկերներն են։ Ես սովորության մարդ եմ։ Հիմա, երբ երբ տարեդարձներիս այլևս չեմ լսում Գևորգ Սարգսյանին, ով կեսկատակ ասում էր, թե այնքան վաղուց ենք ընկերներ, որ արդեն լավ չի հիշում՝ ո՞վ է մեծ մի տարով, ե՞ս, թե ինքը։ Գուրգեն Բալայանի կեսկատակ շնորհավորանքը` «Մխիթարին՝ մշակույթի նվիրյալին...»։ Ի՞նչ ասեմ։
13. Ո՞րն է այն թեման, որը դեռ չես հասցրել ներկայացնել բեմում, բայց շատ կցանկանայիր:
- Ազգիս հուզող թեմաները, արթնացնող թեմաները, այն ոգեղենը, որի պակասը հայ ազգն իր կենսագրությամբ պարզապես չունի։
14. Ինչո՞վ ես ներկայում զբաղվում։
- Պատրաստվում եմ «Խնամախոս» կատակերգության պրեմիերային, ինչպես պիեսի գլխավոր հերոս Հայկն արդարացիորեն կուղղեր՝ առաջնախաղին։ Գիրքը 2020-ին տպագրվեց Հրանտ Հորիզոնի նախախոսքով, նախորդ տարեվերջին վերահրատարակվեց։ Հիմա բեմադրում եմ ընկերներիս հետ ու նրանց համար։ Հայկի դերն էլ ես եմ անձնավորելու։ Նա ինձ շատ սրտամոտ է։ Շատերն ասում են, թե Հայկի մեջ ինչ-որ բան կա ինձնից։ Անշուշտ, չէ՞ որ ես եմ կերտել նրան։ Բայց... պատմությունից հայտնի Հայկը՝ ինձ համար հայի հավաքական կերպարն է՝ նվիրական, հայրենասեր, տեղ-տեղ միամիտ, անձնվեր ու... ու ինքն իր կշիռն իմացող։ Ապրիլի մեկին առաջնախաղը կլինի։
15. Արդյո՞ք կան ստեղծագործական չիրականացված երազանքներ կամ նախագծեր, որոնց մասին կցանկանայիր պատմել:
- Երբեմն, երբ ընկերներով քննարկում ենք կյանքի, առհասարակ գոյի ու լինելիության հարցերը, ընկերներիցս մեկն արդարացիորեն վրա է բերում, թե աշխարհում դեռ չի եղել այնպիսի մեկը, ով հեռանա կյանքից իր բոլոր անելիքներն ավարտած։ Սա բաձարձակ ճշմարտություն է և, անշուշտ, ավելի վերաբերելի է ապրողներին, երիտասարդներին։ Չի կարող պատահել, որ մարդն անելիք ու հեռահար ծրագիր, նախանշած որևէ բան չունենա։ Դրանց մի մասը միշտ անկատար են մնում։ Ես հիմա հիշեցի իմ մեծագույն ընկեր, խորհրդահայ նշանավոր դերասան Գևորգ Չեփչյանին։ Ութսունն անց էր, ու այդ ի՜նչ կսկիծով էի ասում, թե երազել է «Համլետ» խաղալ, սակայն.... երազանքն անկատար է մնացել։ Ես էլ իմ հերթին ունեմ նման երազանքներ։ Մեծ մասը, անշուշտ, կիրականանա։ Բայց միշտ էլ ինչ-որ անկատար բան կլինի։ Դա կյանքի ընթացքն է, այնպես որ, պատմելն էլ իմաստ չունի։
16. Ինչպիսի՞ մարդկանց հանդիպեցիր ճանապարհիդ, ովքեր փոխեցին քո մտածողությունը կամ տվեցին նոր հեռանկարներ:
- Հիմա անուններ չեմ նշի, որպեսզի որևէ մեկին հանկարծ բաց չթողնեմ։ Բայց հանդիպել եմ ու այն էլ ինչպիսի՜ անուններ։ Այդ անունները կուղեկցեն ինձ ողջ կյանքում՝ պարտավորեցնելով լինել հոգատար ընկեր երիտասարդների համար։
17. Ի՞նչ է քեզ համար հաջողությունը: Փոխվե՞լ է դրա ընկալումը ժամանակի ընթացքում:
- Հաջողությունը՝ երբ ունես ընտանիք, երեխաներ, հոգ ես տանում նրանց մասին և զգում ես նրանց հոգատարությունը։ Երբ զբաղվում ես սիրած գործով ու պիտանի ես քո ժամանակին։ Այսինքն՝ ժամանակիդ քաղաքացին ես։
18. Կարողացե՞լ ես պահպանել հավասարակշռությունը աշխատանքային և անձնական կյանքի միջև:
- Ոչ։ Ես անհաջողակ եմ (ծիծաղում է)։
19. Ի՞նչ դասեր ես քաղել անհաջողություններից, որոնք ժամանակին քեզ անհաղթահարելի էին թվում:
- Անհաղթահարելին հենց նրանով է անհաղթահարելի, որ չես կարող ոչինչ անել։ Արա այն, ինչ կարող ես․ սա է բանաձևը։ Բայց ես Խոյ եմ, երբեմն մոռանում եմ սրա մասին։
20. Որո՞նք են այն արժեքները, որոնց հավատարիմ ես մնացել, և կա՞ն արդյոք նոր սկզբունքներ, որոնց այժմ հետևում ես:
- Մարդը պետք է կարողանա իր գոյությունը դարձնել անհրաժեշտություն՝ տանը, աշխատավայրում... ամենուր։ Լինել պիտանի։ Սա բացարձակ արժեք է։
21. Եղե՞լ են պահեր, երբ ստիպված ես եղել ընտրություն կատարել ճշմարիտի ու հարմարավետի միջև: Ի՞նչ որոշում ես կայացրել և ինչո՞ւ:
- Այո և, վստահ եմ, դեռ էլի կլինեն նման պահեր։ Հնարավորինս փորձել եմ ճիշտ լինել։ Սակայն մարդն անսխալական չէ։
22. Ինչպե՞ս է փոխվել քո պատկերացումն ապագայի մասին: Արդյո՞ք այն ավելի հստակ է դարձել, թե՞ դեռ լի է անորոշություններով:
- Մարդը ենթադրում է, Աստված տնօրինում։ Ժամանակների սկզբից այդպես է եղել։
23. Եթե կարողանայիր ինքդ քեզ հաղորդագրություն թողնել հաջորդ ապագա, ի՞նչ կասեիր կամ ինչ խորհուրդ կտայիր:
- Զերծ կմնայի...
24. Քո ստեղծագործական ճանապարհին դու հաճախ ես անդրադարձել հայկական պատմությանն ու մշակույթին։ Կա՞ն պատմական կերպարներ կամ իրադարձություններ, որոնց մասին դեռ չեք գրել, բայց կցանկանայիք ներկայացնել բեմում կամ գրքում:
- Անշուշտ․․․ Բագրատունիներ, 19-20-րդ դարերի ազատագրական պայքար և այլն։
25. Այսօր, երբ մշակութային շփումները գնալով ավելի գլոբալ բնույթ են կրում, ինչպե՞ս ես գնահատում հայկական թատրոնի և գրականության դերը միջազգային հարթակում:
- Որպես միջազգային հարցերում ներգրավված մարդ, պետք է փաստեմ, որ հայ գրականությունը ճանաչված է նաև դրսում։ Իսկ մեր գործը այդ ճանաչումը խորացնելն է։ Օրեր առաջ մի միջազգային գիտաժողով արեցինք, որը նվիրված էր մեր ազգային Էպոսին։ Սա կաթիլ է օվկիանում։ Պետք է շատացնել այս կաթիլները։
26. Որպես բեմադրիչ և դերասան՝ ինչպե՞ս ես ընտրում պիեսները բեմադրության համար։ Ի՞նչն է քեզ համար ամենակարևորը՝ գաղափա՞րը, թեմա՞ն, թե՞ կերպարների խորությունը:
- Ժամանակի հրամայականով։ Եթե թեման կարևոր է, կերպարներն էլ, իրենց հերթին խորն են և հակառակը։ Դրամատուրգիա չկա այնտեղ, որտեղ չկա կոնֆլիկտ։ Իսկ կոնֆլիկտները (գրեթե միշտ) կարևոր են։ Այլ հարց է՝ քո ժամանակում, քեզ համար ակտուա՞լ են։
27. Քո ստեղծագործություններում հաճախ հանդիպում են փիլիսոփայական և բարոյական երկընտրանքներ։ Ի՞նչ արժեքներ ես փորձում փոխանցել ընթերցողներին և հանդիսատեսին:
- Ամեն պարագայում ձգտել մարդ մնալ։
28. Եթե հնարավորություն ունենայիք խաղալ որևէ կերպար համաշխարհային գրականությունից, ո՞րն է այն դերը, որը կցանկանայիք մարմնավորել բեմում, և ինչո՞ւ:
- Դոն Ժուան, Գծուծը, Սիրանո դը Բերժերակ, Դոն Կառլոս... դրանք խոր, շատ խոր ասելիքով գործեր են ինձ համար ու դրանով էլ՝ դասական հերոսներ։
29. Ի՞նչ խորհուրդ կտաս երեխաներիդ։
- Ճանաչեք ձեր արմատները, իմացեք որտեղից եք գալիս և ապա նոր միայն որոշեք ո՞ւր եք ուզում գնալ։ Լսեք ձեր ներքին ձայնը, այդ ձայնը ձեզ երբեք չի խաբի։ Մի վախեցեք նորարարությունից, բայց պահպանողական եղեք, դուք մի բուռ հայրենիքի մի մասնիկն եք, հինավուրց ազգի շառավիղները։
30. Ի՞նչ հարց կտայիր քեզ, որը չտվեցի...
- Կհարցնեի` գո՞հ եմ ինձնից։
- Ե՞վ․ գո՞հ ես։
- Ոչ։