Ես պայքարում եմ իմ ջութակի աղեղով․ Հայկ ԿԱԶԱԶՅԱՆ

«ԿԱՏԱՐԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՐԿԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ»

Բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է մեր հայրենակիցը՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական Կոնսերվատորիաի դասախոս, ճանաչված և սիրված ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը։ 
 
Իր սերնդի ամենապահանջված երիտասարդ երաժիշտներից է, ով մշտապես հանդես է գալիս Ռուսաստանում և արտասահմանյան այլ երկրներում։ 
 
 
Հայկ Կազազյանի հետ մեր զրույցը նույնքան անկեղծ էր, որքան նրա կատարումներն են։ 
 
- Պատմեք Ձեր արմատների իմասին:
 
- Հայրական կողմը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից, իսկ մայրական կողմը՝ Ադանայից. նրանք  ապաստան են գտել Հայաստանի Գավառ քաղաքում: Հետագայում ծնողներս տեղափոխվել են Երևան, որտեղ էլ ծնվել և մեծացել եմ ես։
 
Մայրս հրաշալի մարդ է՝ հայկական ավանդական ընտանիքի, սովորությունների, նիստուկացի խիստ հետևորդ: Լինելով խիստ դասական հայ մայր՝ միշտ շատ հոգատար է եղել իր երեխայի  նկատմամբ:
Նրա խորհուրդների կարիքը ես միշտ զգում եմ, կիսվում եմ շատ  հարցերում։ Մայրս ինձ համար հերոսուհի է։ Նա  մասնագիտությամբ հաշվապահ էր, սակայն երբ ես սկսեցի հաճախել երաժշտական դպրոց, թողեց իր աշխատանքը, որպեսզի լիարժեքորեն զբաղվի ինձնով:
 
Մայրական իր բարի оրհնանքն ամենուր ինձ հետ է։ Շատ եմ  ցանկանում և մաղթում եմ, որ  նա երկար ապրի ու միշտ լինի իմ  կողքին։
 
- Ինչպե՞ս կանխորոշվեց Ձեր ապագան։
 
- Իմ ապագան կանխորոշվեց մանկության տարիներից։ Ծնողներս դասական երաժշտության մեծ սիրահարներ էին․ թեև նրանք մասնագիտությամբ երաժիշտներ չէին, բայց ամբողջ օրը մեր տանը երաժշտություն էր հնչում, քանի որ մեծաքանակ ձայնասկավառակների հարուստ ընտրանի ունեինք՝ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություներից։ Մենք տանը դաշնամուր ունեինք, բայց լուսահոգի հայրս առանձնակի սեր ու համակրանք ուներ ջութակի նկատմամբ և շատ էր ցանկանում, որ ես դառնամ մեծ ջութակահար։ Հայրս երազել էր դառնալ ջութակահար, և նրա երազանքը իրականացրեցի ես։
 
Ջութակի հանդեպ սերս այսպես ծնվեց։ Ամեն երեկո քնելուց առաջ հայրս պարտադիր պետք է կարդար որևէ հանճարեղ կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության մասին։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Անատոլի Վինոգրադովի «Պագանինիի դատապարտում» գիրքը, որից հետո էլ ես որոշոցի, որ պետք է դառնամ ջութակահար։ Կարծում եմ՝ իրականացրել եմ նրանց մեծ երազանքը։
 
- Ո՞րն է եղել մանկության տարիների ամենամեծ երազանքը։
 
- Մանկության տարիների երազանքս երաժիշտ դառնալն էր, քանի որ դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել էին իմ ծնողները: Եվ ես իրականացրեցի նրանց մեծ երազանքը՝ դարձա ջութակահար:
 
- Ինքնահաստատման ճանապարհին, սովորաբար, առկա է լինում երկու ճանապարհ՝ դժվար և հեշտ, ո՞րը կընտրեիք, եթե երկընտրանքի առջև կանգնեիք։
 
- Իհարկե, կընտրեի դժվարը, քանզի դժվարություններն են ծնում  լավն ու գեղեցիկը՝ իրենց բոլոր գույներով։ Իմ անցած և ապրած ուղուց հասկացա, որ ինձ համար հեշտ ճանապարհ չի եղել:
 
Իհարկե, գոհ եմ, որ Աստված ինձ ուժ և հնարավորություն է տվել՝ պատվով հաղթահարելու բոլոր դժվարությունները: Այդ ճանապարհին միշտ իմ կողքին են եղել իմ սիրելի ծնողներս, ինչպես նաև՝ հարուստ  փորձ և հմտություն ունեցող ուսուցիչներս։ Իհարկե, դեր են խաղացել իմ համառ ու քրտնաջան աշխատանքը ու այն մեծ սերը, որ տածել եմ ջութակի հանդեպ և հանուն այդ սիրո հաղթահարել եմ բոլոր դժվարությունները։
 
 - Ի՞նչ  կասեք Ձեր ուսուցիչների մասին։
 
- Իմ առաջին երաժշտության ուսուցիչը Խոսրով Յակուբյանն էր՝ շատ համեստ, բարեհամբույր մարդ։ Միշտ սիրով, երախտագիտությամբ եմ հիշում նրան։ Ի դեպ, իմ լավագույն  հիշողություններից մեկը կապված է հենց նրա հետ. խոսքս  երաժշտական դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգի մասին է: 
Ելա բեմ, որպեսզի նվագեմ, բայց հանկարծ երկմտեցի և աստիճաններով արագ իջա դահլիճ, մոտեցա Խոսրով Յակուբյանին, նրան մեկնեցի ջութակս։ Նա էլ վերցրեց ջութակը, լարեց ու տվեց ինձ։ Ես հանգիստ վերադարձա բեմ և նվագեցի։ Դահլիճում բոլոր ներկաները ծիծաղում էին, բայց դա ինձ չէր խանգարում նվագել: Այդ համերգը լավագույն հիշողություններից մեկը մնաց իմ կյանքում։
Հետո տեղափոխվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, որտեղ սովորել եմ Լևոն Զորյանի ջութակի դասարանում և հաճախ մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների: Միշտ արժանացել եմ դափնեկրի պատվավոր կոչմանը: 1994 թ.՝ Ասլամազյանի անվան մրցույթում, իսկ մեկ տարի անց Ամադեուս-95 մրցույթում (որի կազմակերպիչը բելգիահայ ջութակահար Հովհաննես Անաստասյանն էր) արժանացել եմ Գրան-Պրի մրցանակին՝ հնարավորություն ունենալով  շրջագայել աշխարհի տարբեր երկրներում։ Հետագայում Լեհաստանում մասնակցեցի Բենյավսկու անվան մրցույթին, որին հաջորդեց Չայկովսկու անվան մրցույթը և էլի շատ ու շատ այլ մրցույթներ:
 
Այնուհետև ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա, և ես հանդիպեցի Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Գրաչի հետ, բախտ ունեցա աշակերտել նրան՝ ընտրածս մասնագիտության մեջ հասնելով կատարելության։
Էդուարդ Գրաչը մինչև հիմա աշխատում է, բանիմաց, խելացի, շատ զգացմունքային մարդ է, պատրաստում և սովորեցնում է ուսանողներին՝ նրանց ցույց տալով արվեստի ճիշտ ճանապարհը։
 
- Ինչպե՞ս հանդիպեցիք փառքին՝ շփոթվա՞ծ, հուզվա՞ծ, հիացա՞ծ։
 
- Փառքը միանգամից չի գալիս․ այն գալիս է կամաց-կամաց։ Ավելի  շուտ՝ կխոսեի իմ առաջին հաջողության մասին։ Կամ՝ ինչպես դուք եք  ասում, փառքի հետ առաջին հանդիպմանս մասին։ 12 տարեկան  էի, երբ առաջին անգամ մասնակցեցի հանրապետական մրցույթի։ Նվագում էի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Լորիս Ճգնավորյանը։ Ես կատարեցի Սարասատեի «Գնչուական մեղեդիներ» ստեղծագործությունը և արժանացա առաջին մրցանակին։ Իհարկե, հուզված էի, հիացած և հպարտ։
Այդ օրվանից իմ կյանքը փոխվեց․ սկսեցի ավելի շատ աշխատել, ավելի պահանջկոտ դարձա իմ նկատմամբ և ինքնաքննադատությունն ու պատասխանատվությունը դարձրի ինձ ուղեկից։ 
 
- Հավերժ կամ անմահ սիմֆոնիա․ Ձեր կարծիքը՝ որպես երաժիշտ և որպես մեր ժամանակի լավագույն ջութակահարներից մեկը:   
 
- Մեծ  կոմպոզիտորները հանճարեղ մարդիկ են եղել, քանզի ստեղծել են անմահ երաժշտություն կամ՝ դասական երաժշտություն․ երկեր, որոնք դարեր շարունակ  ապրում են, և ամեն սերունդ նույն ձևով լսում, կատարում ու փոխանցում է հաջորդ սերնդին։ Օրինակ՝ Բախը։ Նրա ստեղծագործությունները իրենց մեջ խոր  փիլիսոփայություն են պարունակում. երբ լսում ենք նրա «Չակոնա» ստեղծագործությունը, հատկապես՝ վերջին բաժինը, հույզերի մեծ ալիք է պարուրում․ այն տրամադրություն է պարգևում, հոգու, զգացմունքների ներդաշնակություն: Անմահ երաժշտություն ստեղծողները մեզ են թողել հսկայական ժառանգություն, որը սովորեցնում է ապրել։ Շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել կատարել և մարդկանց հաղորդակից դարձնել նրանց անզուգական  երաժշտությանը: 
 
- Դուք այն բացառիկ երաժիշտ կատարողերից եք, որոնք ամբողջ ստեղծագործությունը գիտեն անգիր: Ինչպե՞ս է դա հաջողվում: 
 
- Իհարկե, հեշտ չէ: Սկզբում փորձում եմ հասկանալ, թե ինչի  մասին է ստեղծագործությունը, հետո ջանասիրաբար, մինչև վերջ  սովորում եմ: Կատարողական արվեստը մեծ աշխատասիրություն ու ջանադիր աշխատանք է պահանջում: Եթե սիրում ես քո գործը, պետք է անթերի կատարես, որպեսզի  կարողանաս վայելել արդյունքը։ Այս պարզ ճշմարտությանը հետևելուց բացի, նաև մեծ պատասխանատվության զգացում ունեմ հանդիսատեսի, ունկնդրի հանդեպ: Սա նույնպես շատ կարևոր է: 
 
- Բազմաթիվ պարգևներ ու նվերներ եք ստացել, որոնք բոլորն էլ Ձեր արվեստի գնահատականն են։ Դրանց մեջ կա՞ այնպիսի մի նվեր, որի մասին երբեք չեք մոռանում:  
 
- Այո, հուշանվերներ շատ են եղել, բայց կա մեկը, որն առավել նվիրական է ինձ համար։ Սանկտ Պետերբուրգում կայացած «Նոր  անուններ» մրցույթի ժամանակ ճանաչվեցի հաղթող, և ինձ նվիրեցին մի մեծ, շատ մեծ, փափուկ խաղալիք արջուկ, որի կողքին ես շատ փոքր էի երևում։ Կարճ ասած՝ այն կարծես փոքր մարդու մեծ հաղթանակն էր խորհրդանշում։
 
- Մեծ է Ձեր վաստակը. նվաճել եք հանդիսատես սերը, Ձեր նվագը հասնում է ուկնդրի հոգուն, մնում հիշողության մեջ։ Ո՞րն է գաղտնիքը։
 
- Ցանկանում եմ կատարել երաժշտությունը այնպես, ինչպես գրել է կոմպոզիտորը։ Ուզում եմ հիշեցնել կոմպոզիտոր Ռուբենշտեյնի  խոսքերը. «Կատարել՝ նշանակում է կրկին ստեղծագործել»։ 
 
- Եթե չդառնայիք ջութակահար, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
 
- Գուցե գնայի հայրիկիս ոտնահետքերով, կդառնայի ինժեներ-գյուտարար, սակայն, որքան հետահայաց նայում եմ, հասկանում  եմ, որ նորից կընտրեի ջութակը։
 
Հայրս երազել էր դառնալ ջութակահար, նրա երազանքը ես իրականացրեցի։
 
- Ո՞վ է Ձեր սիրած կոմպոզիտորը, որը Ձեզ վրա առավել մեծ ազդեցություն է թողել:
 
- Մեծ հաճույքով կատարում եմ ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հատկապես Նիկոլա Պագանիի երաժշտությունը ինձ շատ հոգեհարազատ է:
 
- Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամերին։ 
 
- Ծանրաբեռնված գրաֆիկից հետո թեև հոգնում եմ, բայց ամեն դեպքում այլ  զբաղմունք գտնում եմ. կարդում եմ գրքեր, սիրում եմ լինել բնության գրկում, հետաքրքրվում եմ վերջին նորություններով։
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում սիրուն:
 
- Սերն ամենուր է և ամեն ինչում։ Կյանքի ամենագեղեցիկ երևույթները կապված և շղթայված են սիրով։ Սերը՝ հայրենիքի, ազգի, ծնողների, երեխաների հանդեպ։ Սերը՝ արվեստի նկատմամբ։ Երաժշտությունն ինքնին սեր է, մեծ սերերից մեկը։ Այն, ինչպես մարդկային սերը, պետք չէ հասկանալ խոսքերով․ այն պետք է զգալ։ Բանաստեղծը բառերով է արտահայտում իր զգացմունքները, կոմպոզիտորը՝ երաժշտությամբ։ Պագանինին սիրահարներին է հասցեագրել իր հայտնի սիրո դուետը՝ ջութակի համար գրված ստեղծագործությունը, որտեղ սոլը տղամարդու բարձր ձայն է, մին՝ կնոջ ցածր ձայն։
 
 - Հավատո՞ւմ եք Աստծուն, ճակատագրին, երջանիկ պատահականությանը կամ լավ մարդկանց, թե՞ առաջնորդվում եք «երևի այդպես էր պետք», կամ «ինչ լինելու է՝ կլինի» սկզբունքով։ 
 
- Ես  հավատում եմ Աստծուն և իմ ուժերին՝ քրտնաջան աշխատանքին: Եթե մի ձևով չի հաջողվել հասնել ցանկալիին, կարելի է փնտրել և փորձել բոլոր հնարավոր տարբերակները, հուսահատվել պետք չէ: Հաճախ մենք փնտրտուքների մեջ ենք լինում, բայց մոռանում ենք, որ մեր հարցերի պատասխանները հենց ինքներս պետք է գտնենք, ուղղակի հարկավոր է շատ ուշադիր լինել և կարողանալ  եզրակացություն անել։ Իհարկե, երջանիկ պատահականություններ լինում են և դրանք կյանքի գեղեցիկ ժպիտներից են։ Իմ կարծիքով՝ թույլ մարդն է անվերջ որոնումների մեջ և իր շուրջն անվերջ մեղավորներ է փնտրում կամ  համակերպվում է տեղի ունեցողի հետ, իսկ ոմանք էլ ապավինում են ճակատագրին։
 
Մենք ուժ չունենք, չենք կարող փոխել ճակատագիրը․ այն տրված է ի վերուստ:
 
- Ձեր կատարումները հասնում են են ունկնդրի մտքին, հոգուն, մնում են հիշողության մեջ․ ո՞րն է գաղտնիքը։
 
- Իմ կարծիքով՝ գաղտնիք չկա, ամեն մարդ կարող է սովորել  նվագել տեխնիկապես, բայց թե երաժշտությունը ի՞նչ հույզերից է ծնվել, ինչպե՞ս է այն գրել կոմպոզիտորը, ի՞նչ ապրումներ է ունեցել՝ պետք է զգաս և կարողանաս վերարտադրել:
 
Ըստ իս՝ այդ ժամանակ միայն մարդկային մտքից հասնում ես հոգուն։ Տեղին է հիշել Պագանինիի խոսքերը. «Պետք  է շատ ուժեղ զգալ և ստիպել, որ զգան»։
 
- Ձեր կարծիքով՝ ո՞վ է լավ մարդը։
 
- Լավ մարդիկ շատ կան, նրանք մեր կյանքին լույս ու ջերմություն են տալիս, պատրաստ են օգնել և քեզ հետ կիսել դժվարությունները։ Լավ մարդիկ իմ կյանքում եղել են և օգնել են ինձ, ես նրանց չեմ մոռանում։ Վատ մարդու մեջ էլ փորձում եմ լավը տեսնել, հաճախ նրանց համարում եմ մոլորյալներ։ Լավն ու վատը, միևնույն է, ապրում են միասին․ պետք է համակերպվել և շարունակել ապրել։
 
- Պատկերացրեք, որ Դուք Ձեր երկրի վարչապետն եք: Ո՞րը կլինի Ձեր առաջին գործը: 
 
- Երբեք չեմ մտածել վարչապետ դառնալու մասին, բայց եթե մի պահ ինձ տրված լիներ այդ հնարավորությունը՝ կփորձեի փոխել ժողովրդի մտածելակերպը, մեծ փոփոխություններ կկատարեի կրթական համակարգում, քանզի ամեն ինչի հիմքը կրթությունն է և գիտելիքը, որոնք և պետության զարգացման հիմնական գործոններն են։ Ուրախ կլինեի՝ տեսնելով, որ ամեն մեկն իր գործով է զբաղված և երջանիկ  է։ 
 
- Լինելով հայ, առավել ևս՝ Հայկ, Հայկ նահապետի աղեղի փոխարեն Ձեր ձեոքում ջութակի աղեղն է։ Ինչպե՞ս եք պայքարելու։ 
 
- Շատ ուրախ եմ, որ հայ եմ և շատ հպարտ եմ, որ Հայկ եմ։ Հայկ նահապետի անունը կրելը մեծ պատասխանատվություն է, առավել ևս՝ իմ ձեռքում նույնպես աղեղ է, թող որ՝ ջութակի: Ձևը նույնն է, իսկ բովանդակությունը՝ տարբեր։ Իմ աղեղի պայքարը ջութակի մոգական հնչյուններով է արտահայտվում: Երբ աշխարհի շատ բեմերից իմ կատարմամբ հնչում են համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները, ես հպարտանում եմ, որ հայ եմ, բայց երբ հնչում է հայ մեծ Կոմիտասի, Խաչատրյանի, Միրզոյանի և հայ մեծանուն այլ կոմպոզիտորների ստեղծագործություները, և դահլիճը քարացած լսում է ու հոտնկայս ծափահարում՝ այդ պահերին ես Հայկ եմ։ Արվեստի մեծ ուժով քո հայրենիքը և ազգը ներկայացնելն, իմ խորին համոզմամբ, ամենամեծ պայքարի ձևն է։
 
Վարդիթեր ԳՐԻԳՈՐՅԱՆ