Առաջ մեր ռաբիսը գոնե հայերեն էր, հիմա դարձել է ռուսերեն
ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՍ Ի՞ՆՉ ԵՆ ԼՍՈՒՄ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- Գալու է օրը, երբ արցախցիները վերադառնալու են տուն, և Արցախ պետության հարցը լուծվի, ես լավատես եմ: Չեմ հավատում, որ վերջացավ-փակվեց այդ հարցը: Եթե մենք էլ լռենք, աշխարհը դա չի հանդուրժելու, վստահ եմ,- Factor TV-ի հետ զրույցում նշել է երաժիշտ, երգահան, «Արցախ» ստեղծագործության հեղինակ Արա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Ինչպես հիշեցրել է factor.am-ը՝ տարիներ առաջ Ադրբեջանը, որ գողացել էր այդ ստեղծագործությունը, ստիպված եղավ ընդունել, որ այն հայկական է.
- Հիմա տեսնում եմ, որ մեզ մոտ է հնչում թուրքական, պարսկա-ադրբեջանական երաժշտություն, և նրանք են ծիծաղում, որ մենք այդ երաժշտության ներքո ենք պարում: Վերնիսաժում շատ եմ տեսել, որ ադրբեջանական երաժշտությամբ ձայնասկավառակներ վաճառեն: Ամեն անգամ մոտենում, ասում եմ`տղե´րք ջան, մի´ միացրեք, ասում են`լավ է ծախվում: Արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ռեպորտաժը Մոսկվայից հեռարձակվեց հենց այդ ադրբեջանական երաժշտության հնչյունների ներքո, դա շատ ամոթ էր մեզ համար,- նշել է Արա Գևորգյանը:
Նա անդրադառնում է նաև հեռուստաեթերում, համացանցում, բեմերից ու մեքենաներից հնչող ռաբիս երաժշտությանը.
- Առաջ մեր ռաբիսը գոնե հայերեն էր, հիմա դարձել է ռուսերեն, մեքենաներից ռուսական ռեփ է հնչում, մեր երեխեքը ի՞նչ են լսում՝ լավ տեղ չտանող, վատ բառապաշարով երաժշտություն: Ինչ վերաբերում է ադրբեջանական, թուրքական մելիզմներին, ասում են՝ հարսանիքներին դրա ներքո են պարում, բայց դուք տեսեք՝ Կոմիտասը որքան ծիսական պարեղանակներ ունի, թող նվագեն: Դրանք պետք է շատ հնչեցնել հեռուստատեսությամբ, որ մերոնք էլ պահանջեն, ասեն`ադրբեջանական կլկլոցներ մեզ ինչո՞ւ եք դեմ տալիս, թշնամու բերանն էլ լեզու դնում:
Քանի որ Արա Գևորգյանը տարիների ընթացքում ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունն աշխարհին մշակույթի միջոցով ներկայացնելու հարցում, հարցրինք՝ վերջին շրջանում պետության վարած քաղաքականությունն այդ ուղղությամբ արդյո՞ք բավարարում է.
- Հասկանում եմ, որ Թուրքիայի հետ բարեկամության կամուրջներ են գծվում, ես ինքս էլ եմ դրա կողմնակիցը, բայց ես արժանապատիվ խաղաղության կողմնակից եմ: Մենք մեր տեղը, արժեքը, գինը պետք է իմանանք, երբեք չենք կարող նսեմացած լինել: