«Մեր թատրոնի դերասանն ամսական 90 հազարով է աշխատում․ ասում են՝ որքան սոված, այնքան լավ կաշխատի». Լիլի Էլբակյան

- Հայ թատրոնը երիտասարդ թատրոն չէ, 20 տարով հետ ենք աշխարհից: Այն շարունակում է գործել հին ավանդույթներով ու ճաշակով: Ես այն համոզման եմ, որ ամեն լավ ներկայացում պարտավոր է վաճառվել և վաճառվում է,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը:
 
Նա անդրադարձել է նաև Հայաստանում դերասանների ցածր աշխատավարձի խնդրին, որը շարունակում է մնալ չլուծված.
 
- Մեզ մոտ դեռ մտածում են, որ դերասանը պետք է սոված լինի, ասում են՝ այդպես ինքը ավելի լավ է աշխատում: Ամբողջ օրը մեր դերասանները թատրոնում են, բայց ամսական ամենաշատը 90 հազար դրամ են ստանում, պետք է հիմար բաներով զբաղվեն, որ փող աշխատեն. պետությունը պետք է սիստեմ մտածի, որ դա կանխի: 
 
Լիլի Էլբակյանը խոսում է նաև պրոդյուսերների, ռեժիսորների կողմից նախագծերում մեծ թվով հետևորդներ ունեցող վլոգերներին նախապատվություն տալու միտումին. 
 
- Եթե վլոգերը համապատասխանում է դերին, թող խաղա, բայց, առհասարակ, դեմ եմ դիլետանտիզմին: Ես ոչ վիրաբույժին չէի վստահի վիրահատություն, ինչպե՞ս կարելի է ոչ մասնագետի վստահել դեր: Բայց հաճախ էլ անփորձ մարդիկ դերասաններից լավ են խաղում, այսինքն`չեն խաղում: Մերոնք, ովքեր թատրոնում են խաղում, էկրանին դերասանություն են անում, հետո պարզվում է՝ ընդհանրապես պետք չէր խաղալ: 
 
Լիլի Էլբակյանը շուրջ 20 տարի է՝ դասավանդում է․ սկզբում՝ Թատերական ինստիտուտում, հիմա՝ ՀՊՄՀ-ում: Ասում է՝ ուսանողները սկզբում չեն պատկերացնում` ուր են եկել. 
 
- Այսօր արվեստը պլաստմասսայե, սինթետիկ բան է դարձել, այստեղից-այնտեղից թխած: Թատերականում, օրինակ, բոլորն աշխատում են, հացի, վարձի խնդիր ունեն, բայց ասում եմ` եթե դասի չեք նստելու, էլ ինչո՞ւ եք վճարում, եկել եք սովորելու, սովորեք, նոր գնացեք՝ ուր կուզեք: 
 
Դերասանուհին խոսում է նաև արվեստագետի վրա երկրի համար բեկումնային, ճգնաժամային իրադարձությունների ազդեցության մասին: Նա շեշտում է՝ օրինակ՝ «Համլետ» պիեսը բեմադրվել է մեծ պատերազմներից հետո, ռեժիսորի խոսքով՝ սովորաբար այդպիսիք լինում են պատմության մեջ լավագույն ներկայացումները. 
 
- Երբ երկրում դժվարին իրավիճակ է, հաճախ չես ուզում ստեղծագործել, հետո հասկանում ես, որ դու հենց քո ստեղծածով պետք է մարդկանց հանես այդ վիճակից: Եթե արվեստագետն անտարբեր է իր երկրում իր շուրջը կատարվողի հանդեպ, մարդ կոչվել չի կարող: Եթե դու լավ քաղաքացի չես, ինչպե՞ս կարող ես բեմից խոսել: Կուզեի, որ մեր արվեստագետները կուլիսներում, թփերի տակ չխոսեին իրենց խնդիրներից, օրինակ՝ ցածր աշխատավարձից, այլ՝ բարձրաձայնեին այդ մասին:
 
Պառակտվածությունն ու անտարբերությունը մեր ամենամեծ թշնամիներն են: Մյուս կողմից էլ նեգատիվն է շատ: Բոլորը բողոքում են: Հա, շատ վատ է ամեն ինչ, բայց դու քո տեղում ի՞նչ ես անում, որ լավ լինի: