Աննախադեպ «Լաբիրինթ»-ի առաջնախաղը՝ Օպերային թատրոնում
Վաղը՝ նոյեմբերի 28-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանդիսատեսը կվայելի աշխարհում նախադեպը չունեցող «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերայի առաջնախաղը։

Լաբիրինթ․ ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կապված լինի հրեշ Մինոտավրոսի կամ հին եգիպտական տաճարների խճճված՝ ելքի որևէ հույսից զուրկ ուղիների հետ: Ընդհակառակը, երբեմն դրա անցումներում թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Հենց դա էլ պատահում է իր դրամատուրգիայով և կոմպոզիցիայով եզակի՝ «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերայի հերոսների հետ։
Օպերայի մտահղացման և սցենարի հեղինակն Օլեգ Թումանովն է, ով որոշել է մինչև եվրոպական բեմերում ներկայացման հայտնվելն այն առաջինը ցուցադրել իր պատմական հայրենիքում։
Նշենք նաև, որ հատուկ բեմադրության համար պատրաստվում են յուրահատուկ դեկորներ և կոստյումներ, որոնք հանդիսատեսին կտեղափոխեն 17-րդ դար։
Օպերայի երաժշական ղեկավարը և դիրիժորը Դմիտրի Վոլոսնիկովն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը։ Ռեժիսոր-խորեոգրաֆն է Իվան Ֆադեևը, իսկ բեմադրող նկարիչը՝ Ելենա Սոլովյովան։ Նախագծի ղեկավարն է Անի Եփրիկյանը։
«Լաբիրինթ»-ում ներգրավված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը։ Ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ Լա Սկալայի, Քովենթ գարդենի, Վերոնայի թատրոնի, Մետրոպոլիտեն օպերայի, ՌԴ Բոլշոյ և Մարիինյան թատրոնների օպերային երգիչները, որոնց թվում են բարիտոն Վասիլի Լադյուկը, տենոր Յարոսլավ Աբաիմովը, բարիտոն Արտյոմ Գարնովը, սոպրանոներ Քրիստինա Գոնցան, Մարիա Բույնոսովան և Քրիստինա Պոնոմարյովան, մեցցո սոպրանո Անաստասիա Լեպեշինսկայան։