Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

Համերգի ընթացքում հանդիսականները վերստին հնարավորություն կունենան ունկնդրելու քառյակի բարձրարվեստ կատարումները։
Կոմիտասի անվան ազգային քառյակին նվիրված երաժշտական ողջույններով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահարուհի Կարին-Հելլման Գևորգյանը։
Կոմիտասի անվան քառյակն ստեղծվել է 1924թ. նոյեմբերին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ: 1925թ. հունվարի առաջին օրերին սկսել է իր կանոնավոր փորձերն ու պարապմունքները՝ պրոֆեսոր Ե. Մ. Գուզիկովի ղեկավարությամբ: Վերջինս կազմել է նորաստեղծ անսամբլի կատարողական ծրագիրը՝ նախատեսված հունվարից մինչ ուսումնական տարեվերջ:
Առաջին ստեղծագործությունը, որի վրա աշխատել են երիտասարդ երաժիշտները, Բեթհովենի N 1 կվարտետն էր․ դրա կատարման նախապատրաստումը տևել է շուրջ երկու ամիս: Առաջին ելույթը տեղի է ունեցել 1925 թ. մարտի 1-ին: 1932թ. մայիսին Հայկական ԽՍՀ կառավարությունը քառյակին շնորհել է Կոմիտասի անունը՝ դեռևս մեծ երգահանի կենդանության օրոք: