«Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակները․ հեղինակային էսքիզներ, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում։

«Անլռելի զանգակատուն» պոեմի Խանջյանական նկարազարդումները համալրված են տիֆլոմեկնաբանություններով՝ ձայնային ուղղորդիչով, որը մանրամասն նկարագրում է նկարը, ինչպես նաև ընթերցվում է Պարույր Սևակի պոեմի այն հատվածը, որը պատկերված է նկարում: Տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան։
Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ. նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, ով, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև՝ որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։ Նախագծի հեղինակը և պրոդյուսերը «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռևազովան է։
Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 29-ին կկայանա շոշափելի պատկերազարդումների ցուցահանդես-շնորհանդես. ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀԱՊ-ի ժողովածուից Գրիգոր Խանջյանի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների հեղինակային էսքիզները։
Նախագծի շրջանակներում ստեղծված շոշափելի կտավները կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին և Զանգակատունում գտնվող Պարույր Սևակի տուն-թանգարանին։
2024 թվականին նշվում է նաեւ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի գլխավոր հերոսի՝ Կոմիտասի ծննդյան 155-ամյակը։
Նախագծի գործընկերն է Հայաստանի ազգային պատկերասրահը, «Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացրել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։