«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի»
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախագծի շրջանակներում Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանն ինքնատիպ ցուցահանդես է կազմակերպել՝ «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով:

- Ադրբեջանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից կամ թուրքական քաղաքականությունից, որտեղ ևս մեծ ջանադրությամբ վերացվում են հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը՝ մեկ պարզ նպատակով, որն է տեր կանգնել մեր հայրենիքին և հայ ժողովրդի հետքը բնաջնջել: Քաղաքակիրթ երկիրը, որը հասկանում է մշակույթի կարևորությունը, հանդես է գալիս, որպես այդ մշակույթի պահապան: Ադրբեջանն իր քաղաքակրթությամբ փաստում է, որ շատ հեռու է դրանից»,- ասել է Մ. Բալայանը և նշել, որ ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներում մեր հայրենիքի այն հատվածներն են, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից՝ սկսած Նախիջևանից, պատմական Ուտիքից մինչև հյուսիսային Արցախ:
Ցուցանուշներ դարձած լուսանկարներում Նախիջևանի ավերված եկեղեցիներն են, Ջուղայի գերեզմանոցի ջարդված ու քանդված խաչքարերը, Բաքվի հայկական եկեղեցին, Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը ներկայումս դարձրել են կամերային երաժշտության տուն: Լուսանկարների մեծ մասը կատարվել են խորհրդային ժամանակներում: Լուսանկարիչ Ֆրեդերիկ Բեռլեմոնը, ով հնարավորություն է ունեցել շրջագայել Ադրբեջանի տարածքով, լուսանկարներ է տրամադրել մեզ, որոնք էլ փաստում են մեր պատմամշակութային ժառանգության ավերածությունների մասին: Այս ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների հեղինակը նաև «Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող» կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանն է, ով բոլոր այս տարիների ընթացքում ջանադրաբար հավաքագրել է նաև այս լուսանկարները, որոնք այսօր ներկայացվում են որպես լուրջ փաստարկներ: