Աշխարահռչակ Դոմինգոն՝ Երևանում
ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԳԵՆԴԸ ՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:
- Հայաստանում բնակվող իմ սիրելի ընկերներ, երջանիկ եմ Ձեր գեղեցիկ երկիր վերադառնալու և Ձեզ համար երգելու յուրահատուկ հնարավորության համար: Այս անգամ հանդես եմ գալու Ջուլիանա Գրիգորյանի՝ հայազգի լավագույն երգչուհիներից մեկի հետ: Անհամբեր սպասում եմ բոլորիդ այս գեղեցիկ երեկոյին, որտեղ կրկին միասին կվայելենք հրաշալի երաժշտություն՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհանդիպենք շուտով՝ Երևանում,- իր ուղերձում նշել է Պլասիդո Դոմինգոն:
Էդուարդ Թոփչյանը նշում է, որ նման մեծության աստղի մասնակցությունը Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնին նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային երաժշտական հանրության համար: Նա վստահեցնում է, որ համերգն իր վրա է սևեռել հանդիսատեսի ուշադրությունը աշխարհի տարբեր կետերից: Այդ օրն իսկական միջազգային մշակութային հրավառություն է սպասվում:
Սա Պլասիդո Դոմինգոյի երկրորդ այցելությունն է Հայաստան: Առաջին անգամ նա համերգով հանդես է եկել 2010թ.-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Համերգը կրկին ղեկավարում էր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: