«Տա Աստված՝ այցելելու համար անցաթուղթ պետք չլինի»
ՈՍԿԵՊԱՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգվելու են։ Նախագծի ճարտարապետն այն նույն մարդն է, որը գրեթե կես դար առաջ՝ 1975-1977թթ–ին, վերականգնել ու ճարտարապետական նախնական տեսքին էր վերադարձրել հորինվածքով եզակի այս եկեղեցին։
Հայ-ադրբեջանական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին շուտով վերանորոգվելու է։
Դեռ տարեսկզբին ԿԳՄՍՆ Պատմամշակութային-արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին, որ 7-րդ դարի քառախորան եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, անձրևի ու ձյան առաջացրած խոնավությունը եկեղեցի է ներթափանցում։ Որոշվել էր տանիքածածկերի նորոգման հրատապ նախագիծ կազմել։ Այն արդեն հաստատվել է, առաջիկա օրերին շինարարական կազմակերպության ընտրության համար մրցույթ կհայտարարվի։ Վերականգնող ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է, որն իր շուրջ կեսդարյա աշխատանքի ընթացքում 67 հոգևոր կառույց է վերականգնել, 18 նորը կառուցել։
Ճարտարապետի համար այս շարքում Ոսկեպարի եկեղեցին առանձնահատուկ կարևորություն ու նշանակություն ունի։ Շուրջ 50 տարի առաջ, երբ նոր էր ավարտել համալսարանը, առաջին անգամ նրան եկեղեցու վերականգնման նախագիծ վստահվեց։ 1975 թվականին Հրաչյա Գասպարյանը մասնագետների խմբի հետ սկսեց վերականգնել Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը բավականին վնասված վիճակում էր։
- Շատ վատ վիճակում էր, պատկերացրեք՝ մի 1300 տարի ոչ մի միջամտություն չէր արվել։ Եկեղեցին պահպանվել էր շնորհիվ իր եզակի հորինվածքի։ Բերանքսիվայր դրված զանգ է հիշեցնում, հիմքը՝ հսկայական, դեպի վերև գնացող։ Այդ տեղանքում չգիտեմ, թե ինչ արհավիրք պետք է լիներ, որ շենքը քանդվեր։ Դրա համար կանգուն էր այդքան դարեր, երեսապատի որոշ հատվածներ էին թափվել, ճակտոններ էին վերացել․․․,- պատմում է Հրաչյա Գասպարյանը։
Երկու տարում՝ 1975-1977թթ․ նորացվեցին տանիքի ծածկասալերը, քիվերը, պատերի ճակատային քարերի որոշ մասը։ Եկեղեցու ծավալատարածական հորինվածքն ամբողջովին վերականգնվեց նախնական տեսքով։ Այն, որ այդ աշխատանքներից շատ տարիներ անց կվերադառնա այստեղ, կրկին որպես վերականգնող ճարտարապետ, մտքով անգամ չէր անցնի։
Այս տարիների ընթացքում եկեղեցում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Վերանորոգման և տանիքածածկերի ամրակայման ժամանակը հասունացել էր։ Ճարտարապետը շեշտում է՝ ինչ վերաբերում է պատերին, ապա դրանք բավականին ամուր են, միջամտության կարիք չկա։
- Ոսկեպարի եկեղեցին իր տեսակով աննախադեպ է, նման երկրորդը չկա, այն եզակի է, ու վերջ։ Բացառիկությունն այն է, որ գմբեթային քառակուսին ոչ թե տանիքներից, այլ գետնից է սկսվում։ Իրենից առաջ էս հատակագծային հորինվածքը չի եղել, իրենից հետո էլ երկրորդը չի կրկնվել,- ասում է ճարտարապետը։
Սուրբ Աստվածածինը փոքր կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին է պատկանում։ Ինչպես ճարտարապետն է ասում, եկեղեցին պճնված չէ, բայց շքեղ է։ Արևմտյան ճակատի վրա ձկների քանդակներ են․
- Կողքով անցնում էր Ոսկեպար գետը՝ ձկներով շատ հարուստ, ի նշան դրա ձկներ են քանդակել։
Հրաչյա Գասպարյանը խոստովանում է՝ թեև Սուրբ Աստվածածին եկեղեցում անելիքներն այժմ այնքան շատ չեն, ինչքան 70-ականներին էին, ինքն էլ այն տարիների անփորձ երիտասարդը չէ, բայց առավել պատասխանատվությամբ է մոտենում, որովհետև ժամանակներն ուրիշ են՝ անորոշ ու մարտահրավերներով լի։ Ցանկանում է ամեն բան անել, որ առնվազն մի 50 տարի էլ եկեղեցին ամուր մնա։
Ի դեպ, Հրաչյա Գասպարյանը նաև արցախյան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ճարտարապետն է եղել։ Հիշում է՝ 90-ականների կեսերին ճանապարհները շատ վատ վիճակում էին, Բերձոր հասնելու համար 7-8 ժամ էր պահանջվում, բայց մեծ նպատակը՝ ազատագրված տարածքներում եկեղեցիներ կառուցել, օգնում էր հաղթահարել դժվարությունները։
1996-1998 թվականներին կառուցված եկեղեցին, սակայն, ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրին 2024 թվականին։ Իր կառուցածի ավերը տեսած ճարտարապետը վերջում մաղթում է՝ Աստված տա՝ երբևէ չգա այնպիսի օր, որ վերականգնվող Սուրբ Աստվածածին այցելելու և աղոթելու համար անցագիր պետք լինի։
Նշենք, որ օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներում հերթական անհեթեթ հրապարակումներն էին հայտնվել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում։
Ավելի վաղ՝ ապրիլին, ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի գրասենյակը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ սահմանազատումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում։ Մինչ այդ խոսակցություններ էին պտտվում, որ Ոսկեպարի եկեղեցին ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Աղբյուր՝ Sputnik Արմենիա