«Թանգարաններ, կրթություն և հետազոտություն»
ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿՆՇՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՎ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳԻՐԸ
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո:
Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը, որն ամբողջովին համահունչ է նախարարության տեսլականին: Նրա խոսքով՝ թանգարանները պետք է բեռնաթափվեն վարչական աշխատանքներից և առավելագույնս ուշադրության կենտրոնում պահեն կրթական ծրագրերը: Նախարարի տեղակալի նշմամբ՝ 2024 թվականին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են հայաստանյան 118 թանգարաններ, որոնք բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն:
Ներկայացնելով թանգարանային ոլորտում իրականացրած ծրագրերը՝ նախարարի տեղակալն անդրադարձել է 2023 թվականին թանգարաններում իրականացված աշխատանքներին՝ նշելով արդյունքային ցուցանիշներ. «Նախորդ տարի թանգարաններ այցելել է 1.228.155 այցելելու, ինչը բավականին լավ արդյունք է. իհարկե, պետք է ձգտենք ավելիին: Թանգարանային ֆոնդը կազմել է 1.996.934 ցուցանմուշ: Կազմակերպվել են 270 ժամանակավոր ցուցահանդեսներ, 2736 գիտակրթական ծրագրեր, 699 թանգարանային միջոցառումներ: Դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել 229.889 աշակերտ»:
2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքային ցուցանիշներ
Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում թանգարանների այցելուների թիվը 161.725 է, թանգարանների ֆոնդը կազմում է 1.997.920 ցուցանմուշ, իրականացվել են 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագրեր, 70 թանգարանային միջոցառումներ:
Միջազգային համագործակցություն
Միջազգային համագործակցության համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը 2024 թ. համար առանձնացրել է երկու կարևոր ցուցադրության իրականացում. Ռուսական արվեստի թանգարանը Տրետյակովյան պատկերասրահում հունիսին կբացի ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակին: Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որտեղ կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը (Ք․ ա․ II-I դդ․):
Մշակութային ժառանգության ոլորտի կառավարման համակարգի արդիականացում
2024 թվականին ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը բավականին սպասված էր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Այս տարի ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որը միտված է իրականացնելու թանգարանների վարչական գործառույթները, ինչպես նաև թանգարանների հանրահռչակման ծրագրերը:
- Այս տարի իրականացրել ենք նաև օպտիմալացման ծրագրեր. «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը» և «Հրազդանի երկրագիտական թանգարանը» միացել են «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղեր: Ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը: Թանգարաններում ներդրվել է տոմսային նոր սակագների փաթեթ, մինչև 12 տարեկան երեխաների համար սահմանվել է անվճար մուտք,- ասել է նախարարի տեղակալը: