Լավագույն վավերագրական կարճամետրաժը՝ «Օսկար 96»-ում

«Օսկար 96»–ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին։
 
Ռեժիսորներ Բեն Պրուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը հաղթել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք աշխատում են արհեստանոցում և վերանորոգում ուսանողների ավելի քան 80,000 երաժշտական գործիքներ: Սա իր տեսակի մեջ ԱՄՆ-ում մնացած ամենամեծ արհեստանոցն է: Ֆիլմի հերոսներն աշխատանքից զատ պատմում են իրենց ծանր ճակատագրերի մասին:
 
Նրանցից մեկը՝ արհեստանոցի ղեկավար Սթիվ Բաղմանյանը, որը սկսել է դաշնամուրներ վերանորոգելով, պատմել է Բաքվում հայերի ջարդերից առաջ խորհրդային Ադրբեջանից փախչելու մասին:
 
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն  պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել-մեծացել է Բաքվում, ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց 1987 թ.-ից հետո սկսվեցին շարժումները և Ադրբեջանում ապրող հայերին վռնդեցին երկրից։ 
 
- Ես փոքրիկ հայ տղա էի, որն ապրում էր Բաքվում... Ծնողներս չէին կարող պատկերացնել, որ որևէ վատ բան կարող է տեղի ունենալ, որովհետև մենք ունեինք ընկերներ, հարևաններ, որոնց հետ կողք կողքի ապրել ենք այդքան տարի: Եվ ոչ ոք չէր մտածի, որ պատերազմ կսկվի: 1986-1987 թվականներին բոլոր հայերին սկսեցին վռնդել Բաքվից: Օրեցօր ավելի դժվար էր դառնում: Մենք հավաքվում էինք միասին դրսում, մեր շենքերի մոտ, խարույկ վառում և ամբողջ գիշեր հսկում մեր տները: Սակայն օրեցօր ավելի ու ավելի քիչ մարդ էր մնում մեզ հետ, որովհետև նրանք հեռանում էին, քանի որ վախենում էին: Հայրս լավատես էր, ասում էր.«Սթիվ, ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին չեմ վնասել: Մենք ապրում ենք ԽՍՀՄ-ում և մեր կառավարությունը թույլ չի տա, որ նման բան պատահի»: Նա խելացի էր, բայց սխալվեց: Երբ աշխատանքի վայրում էր, ինչ-որ մեկը հետևից մոտեցել է նրան ու սպանել: Ես քսան տարեկան էի, պետք է վերցնեի մորս ու հեռանայի այնտեղից: Ուստի ուղղակի փակեցինք դուռը, ամեն ինչ թողեցինք: Օդանավակայան հասնելը հեշտ չէր, քանի որ հայի տեսք ունես ու մարդիկ կարող են փողոցում կանգնեցնել քեզ ու վնասել: Բայց իմ ադրբեջանցի ընկերները մեզ հասցրին օդանավակայան և մարդկային միջանցք ստեղծեցին այնտեղ, որպեսզի անցնենք դրանով, - պատմել է Բաղմանյանը: