«Ավետիս» լարային քառյակի առաջնահամերգը

Մարտի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը։ Քառյակը, մինչ  «Ավետիս» անվամբ հանդես գալը, մի քանի տարի է, ինչ ծավալում է լայն երաժշտական գործունեություն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
 
«Ավետիս»՝ «բարի լուր», քառյակին մարմնավորող այս խորագիրը հատուկ է ընտրվել երաժիշտների կողմից:  Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային բարձր ստանդարտներին համապատասխանող լարային քառյակ, որը լավագույնս կներկայացնի վերոնշյալ ժանրի համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ներկայումս շատ քիչ են  հնչում հայաստանյան բեմահարթակներում։ 
 
Քառյակում ներգրավված երաժիշտներից երեքը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներն են՝ Կարմեն Թոսունյան/ ՀԱՖՆ նվագախմբի կոնցերտմայստեր, Հայկ Տեր-Հովհաննիսյան/ ՀԱՖՆ ալտերի խմբի կոնցերտմայստեր, Միքայել Նավասարդյան/ թավջութակների խմբի երաժիշտ: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հարուստ կենսագրությունն ու բեղուն համերգային գործունեությունը նպաստում են լարային քառյակի ակտիվ մասնակցությանը միջազգային փառատոններին և ելույթներին հեղինակավոր երաժշտական հարթակներում:
 
Նախորդ տարվա ընթացքում ելույթներ ունենալով  համերգային ծրագրերով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ քառյակն արժանանացել է անվանի երաժիշտների և երաժշտաքննադատների բարձր գնահատանքին՝ ստանալով նոր համագործակցության հրավերներ: Մայիսին «Ավետիս» լարային քառյակը կմասնակցի Իտալիայի Մանտովա քաղաքի ամենամյա Trame Sonore հեղինակավոր փառատոնին՝ ներկայացնելով նաև Էդվարդ Միրզոյանի լարային քառյակը:
 
Քառյակը մեծ ուշադրություն է հատկացնում նաև կրթական ծրագրերին՝ ընդգրկելով հանդիսատեսի թվում դպրոցականներին: Մարտի վերջին նախատեսվում է այդպիսի ծրագրերից մեկն իրականացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
 
Քառյակի գործունեությունը լայնորեն իրականացվում է  նաև Հայաստանի մարզերում՝ կարևորելով մարզային ծրագրերի նշանակությունը, մարզերում մշակութային գործընկերության զարգացումը: Ապրիլի 24-ին՝ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակութի պալատում, քառյակը հանդես կգա Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգով: