Ստեղծագործող երեխաները՝ մեկ հարթակում

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՏ ՓԱՌԱՏՈՆ՝ «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային ՀԿ-ն դեկտեմբերի 1-3-ը կանցկացնի «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:
 
Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը տեղի է ունեցել «Արմենպրես» մամուլի սրահում: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը:
 
ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է նախաձեռնության մասնակիցներին և կազմակերպիչներին՝ ընդգծելով փառատոնի հիմնադիր-ղեկավար Նաիրա Սարգսյանի և անձնակազմի անգնահատելի աշխատանքն ու ջանքերը՝ փառատոնի կայացման և զարգացման գործում: Անդրադառնալով մշակույթի ոլորտում ներառականության կարևորությանը՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ մշակույթի և կրթության ոլորտներում ներառականության խթանումն առանցքային նշանակություն ունի. «Հատկանշական է, որ այն ամրագրված է նաև նախարարության տարբեր ոլորտների ռազմավարական ծրագրերում: Մեծ ուշադրությամբ ենք վերաբերում մշակույթի ոլորտի ընթացիկ ծրագրերում ներառականության բաղադրիչի պարտադիր առկայությանը: Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ նպատակային ծրագրեր, փառատոներ, որոնցից է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը»: 
 
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ փառատոնի անվանումը «Կողք կողքի» է. այն իր բովանդակության մեջ ամփոփում է մարդասիրության, ոլորտում համընդհանուր ջանքերի ներդրման, կողք կողքի ապրելու և արարելու փայլուն գաղափարը: Նրա խոսքով՝ մշակույթը հրաշալի միջոց է ներառականության զարգացման ու տարծման, ինչպես նաև հասարակության գիտակցության մեջ այդ գաղափարն ամրապնդելու համար:
 
Այս համատեքստում Դանիել Դանիելյանը ներկայացրել է  նախարարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված մշակութային կրթօջախներում ներառականության ապահովմանը. «Վերջերս Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվում էր «Ներառականությունը մշակութային կրթության ասպարեզում» թեմայով մարզի երաժշտական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Դպրոց այցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, ուսուցիչների հետ զրուցել ենք մշակութային կրթօջախներում ներառականության ապահովման, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու նրբությունների տիրապետման կարևորության շուրջ: Հավելեմ նաև, որ նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ևս մարզերում և համայնքներում իրականացնում է վերապատրաստման դասընթացներ համապատասխան մասնագետների համար»:
 
Նախարարի տեղակալը շնորհավորել է փառատոնի մասնակիցներին մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով բարի երթ և հաջողություններ: 
 
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանի նշմամբ՝ արդեն 4-րդ տարի է` փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր զարգացման առանձնահատկություններով երեխաներին և պատանիներին: Նրա տեղեկացմամբ՝ փառատոնի նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը, մեկ հարթակում՝ մեկ գաղափարի շուրջ, համախմբել սահմանափակ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաներին և դեռահասներին՝ նպաստելու և աջակցելու նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
 
«Փառատոնի միջոցով բացահայտելով, զարգացնելով երեխաների ստեղծագործական կարողությունները՝ հնարավորություն ենք ընձեռում  նաև հանդես գալու  տարբեր հարթակներում, ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները, ստեղծագործական շնորհները՝ երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի ոլորտներում:  Այս տարի փառատոնում ընդգրկված է շուրջ 150 երեխա. հայաստանյան մասնակիցների հետ հանդես կգան նաև Ռուսաստանի, Բահրեյնի, Վրաստանի ներկայացուցիչները: Փառատոնի շրջանակում տարբեր հարթակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ նկարչական, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, համերգ, թատերական  ներկայացումներ, պարային համարներ, գալա համերգ՝ երեխաների և պատանիների մասնակցությամբ:   Կանցկացվեն նաև սեմինարներ, վարպետության դասեր՝ ներառական ոլորտում արտերկրի լավագույն մասնագետների կողմից»,- ասել է փառատոնի ղեկավարը և հավելել, որ սեմինարին և վարպետության դասերին արդեն գրանցվել է ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան շուրջ 100 մասնակից՝ ոլորտի մասնագետներ և ծնողներ:   
 
Նշենք, որ փառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին` ժամը 17:00-ին, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաները և պատանիները կներկայանան նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսով: Այնուհետև, Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» ներառական թատերախումբը հանդես կգա «Էսպես չի մնա» /ըստ Հ. Թումանյանի/ ներկայացումով: Տեղի կունենան համերգ, ինչպես նաև «Ամբրելա» ռուսաստանյան ներառական նախագծում հաղթող ճանաչված հայ մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը:
 
Փառատոնի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար կանցկացվեն վարպետության դասեր: Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ներառական կրթության ոլորտի հեղինակավոր մասնագետները կկիսվեն իրենց փորձով, կլոր սեղանի շուրջ կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերներն ու արդի միտումները: Նշենք, որ վարպետության դասերի մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայականներ:  
 
Փառատոնի գալա համերգը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Oրվա գլխավոր նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ առանձնահատուկ կարողություններ ունեցող անձանց ներգրավման կարևորությունը մշակութային կյանքին: Գալա համերգին առանձնահատուկ կարողություններով երեխաները, պատանիները հանդես կգան երաժշտական և վոկալ կատարումներով: Երեխաների հետ բեմում կողք-կողքի ելույթ կունենան հայաստանյան երաժշտաոլորտի անվանի երաժիշտները, երաժշտական խմբերը և անհատ-կատարողները:
 
Նշենք, որ փառատոնի հովանավորն է «ArLeAM» ընկերությունը: Գործընկերներն են՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, «Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը», «Աուտիզմ» ազգային հիմնադրամը: