Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության 65-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ այս իրողությունը հպարտության զգացում է առաջացնում.
- Անգնահատելի է այն փաստը, որ 65 տարի շարունակ Հայաստանում գործում է երաժշտության (երգչախմբային) ընկերություն, որն իր շուրջն է համախմբում մեկ Ազգային ակադեմիական, երեք պետական կամերային, մանկական, դպրոցական, մարզային բազմաթիվ երգչախմբեր: Սա ազգային հարստություն է: Երաժշտական ընկերությունը երկար տարիներ միավորում է նաև երաժշտաոլորտի բոլոր ներկայացուցիչներին և երաժշտասերներին: Տարիներ շարունակ գործելով Երևանի սրտում՝ իր տեսքով և բովանդակությամբ այս կառույցն ուշադրություն է գրավում, հետաքրքրություն առաջացնում անգամ երեխաների և պատանիների շրջանում: Հատկանշական է, որ նրանցից շատերը հետագայում ընտրում են երաժշտաոլորտ տանող այդ ուղին:
Դանիել Դանիելյանն անչափ կարևորել է նաև այն փաստը, որ երկար տարիներ Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերությունը ղեկավարում է Դավիթ Ղազարյանը, որն իր մասնագիտական բարձր կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գործունեությամբ, մարդկային բարձր որակներով սիրված է բոլորի կողմից և համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին անգնահատելի ներդրման և ավանդի համար՝ նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական գործունեություն:
Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հանդես եկել ողջույնի խոսքով: Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահը ներկաներին հանգամանորեն ներկայացրել է ընկերության գործունեությունն ու երկար տարիների անցած ուղին:
Նշենք, որ երեկոյի ընթացքում ելույթով հանդես են եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և այլոք: Համերգի ընթացքում հնչել են հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: