Օրը խաչատրյանական է. խնկարկում հիշատակին
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՄԵԾԱՆՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԸ
- Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից ու խնդիրներից։ Հոբելյանական տարին ևս մեկ առիթ է վերաիմաստավորելու և նորովի գնահատելու Արամ Խաչատրյանի թողած հսկայական ժառանգությունը, որտեղ մշտապես անելիք ունենք՝ նաև նոր շերտեր բացահայտելու առումով,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով, հաստատվել է պետական ծրագիր, որի իրականացման համար բյուջեից հատկացվել է ավելի քան 530 միլիոն դրամ: Միջոցառումները բազմաժանր են և ընդգրկում են լայն աշխարհագրություն՝ Վրաստանից մինչև ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ բացման համերգով:
- Արամ Խաչատրյանի երաժշտությունը կյանքի բոլոր փուլերի համար է և տալիս է մտորելու ու հասկանալու հնարավորություն: Կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր երեխաները ևս ներգրավվեն հոբելյանական ծրագրերում՝ նորովի ճանաչելու և բացահայտելու Խաչատրյանին,- եզրափակել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտարվեստը մեզ իրավունք է տալիս աշխարհի հանճարեղ ժողովուրդների շարքում զգալ՝ որպես լիարժեք անդամ:





