«Տոն, որից շահում է արվեստը»
«ՆԱԻՐԻԻ» ՆԱԽԱՆՎԱԳԸ՝ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Զարթոնքի հրավառության էր նման ձմռան նիրհից նոր-նոր արթնացող Հանքավանում այսօր կայացած «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի և Մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի նախանվագն էր այն, որը սկիզբ առավ «Նաիրի ՍՊԱ ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում՝ գլխավոր հովանավոր, ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանի հանձնառությամբ:

«Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:Եվ մասնակիցներից ու ներկաներից որևէ մեկն այլևս կասկած չուներ, որ իրատեսական ու իրագործելի է նորաշունչ այս ավանդույթն ամենամյա դարձնելու միտումը:
- Կարծում եմ՝ այս փառատոնը հայ ժղովրդի միավորմանը նպաստող գեղեցիկ ձեռնարկ ձեռնարկ է և իր շուրջ համախմբելու է ոչ միայն հայ արվեստագետներին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում հովանավոր Գրիգոր Ղուկասյանին, ով մեծագույն սիրով սատարեց համահայկական այս ծրագրի իրագործմանը՝ նպաստելով հայ երաժիշտների համախմբմանը,-ողջույնի իր խոսքում ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ցանկացած փառատոնի ծնունդ համարելով համաժողովրդական նոր իրադարձություն, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերստին փաստեց.
- Արվեստն այն լավագույն հարթակն է, որի շնորհիվ հնարավոր է պահել ազգի միասնականությունը: Մենք այսպիսո՛վ պետք է կարողանանք դիմակայել օտարամոլության հզոր լիցքերին ու ալիքներին:
Դիպուկ էր և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հակիրճ բնութագիրը՝ փառատոնին՝
- Տոն, որից շահում է արվեստը...
Այլևս անկասկած է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդանիշերից մեկն է դառնալու փառատոնը, որի մրցանակ-հուշանվերի վրա հենց այդ միասնությունն է պատկերված՝ Արարատ լեռան հովանու ներքո: Սեպտեմբեր ամսին կամփոփվեն փառատոնի արդյունքները. 10 անվանակարգերում մրցանակներ կստանան հայ և համաշխարհային նվագարանների ու հայ երգի վարպետները: