«Մշակույթը պետք է ավելի մեծ դեր զբաղեցնի մեր կյանքում»
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է «Վարկանիշային-23» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է այն արվեստագետների աշխատանքները, որոնք ցանկանում են ընդգրկվել միության շարքերում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Շնորհավորելով ցուցադրության բոլոր մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ներկայացված բոլոր աշխատանքները և ցուցադրության շրջանակում դրանք դիտելու հնարավորությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միության նախագահին՝ ոլորտում ակտիվ գործունեության, ձևավորված ընդհանուր հարթակի համար, որտեղ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվում ընդլայնել հնարավորությունները:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ներկայացմամբ՝ ցուցադրությունում ներառված են միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքները.
- Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքների հեղինակները ստանում են մեկ միավոր, իսկ հինգ միավոր ձեռք բերելու պարագայում հայտ ներկայացնելու հնարավորություն են ստանում՝ Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար:
Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է հաղթողներին, իսկ այն մասնակիցներին, որոնք միավոր չեն ստացել, հորդորել է կրկին փորձել: Միության նախագահի խոսքով՝ այս տարի մասնակիցների թիվն աննախադեպ մեծ էր. շուրջ 300 մասնակից ներկայացրել էին մոտ 800 աշխատանք:
ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են ցուցահանդեսում, դիտել ցուցադրված ստեղծագործությունները։
Նշենք, որ «Վարկանիշային» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է միության երեք հարկերում և կգործի փետրվարի 21-25-ը: