Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միասնական ծրագիր իրականացնելու հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի հերթական նիստը:
 
Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
- Մեր նպատակն է ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացնել ոչ միայն առանձին կառույցների միջոցով, այլև հանդես գալ համատեղ իրականացրած առանցքային ծրագրով՝ նախապես մշակելով գործողությունների պլան: Ծրագրում պետք է ապահովվի տարբեր հաստատությունների լավագույն մասնակցությունը,- ասել  նախարարի տեղակալը:
 
Նիստում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ՀՀ ուսումնական, մշակութային հաստատությունների կողմից նախապես ներկայացված միջոցառումների ցանկը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկամսյակը միասնական ձևաչափով և ռեսուրսների միավորմամբ անցկացնելու հնարավորությունները:
 
Աշխատանքային խմբի՝  բարձրագույն, միջին մասնագիտական կրթության, հանրակրթական և մշակութային ենթախմբերի պատասխանատուները ներկայացրել են իրենց ոլորտներում անցկացվող միջոցառումները, հանդես եկել առաջարկներով:
 
Քննարկվել են հաջողված միջոցառումները մեկ ծրագրում ինտեգրելու հնարավորությունները, ինչպես նաև միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիությունը պատշաճ ապահովելու և մուտքի պահանջները սահմանելու հարցերը՝ կարևորելով մարզաբնակ պատանիների ներգրավման խթանումը: 
 
Քննարկման արդյունքում կողմերը որոշել են Ֆրանկոֆոնիայի օրերը մեկնարկել պաշտոնական բացմամբ, որը կուղեկցվի թեմատիկ համերգով, ինչպես  նաև անցկացնել էքսպո՝ կրթական բաղադրիչով:
 
Միջոցառումների անցկացման համար նախատեսվում է մշակութային կառույցների հետ համագործակցություն: