Նկարահանվել է VR պարային ներկայացում
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի շրջանակում իրականացվել է բացառիկ նախագիծ․ առաջին անգամ Հայաստանում նկարահանվել է VR պարային ներկայացում։ VIVUS պարային ինստալացիան հասանելի է բոլոր ցանկացողներին։
Նախագիծն իրականացնելու նպատակով Հայաստան էր ժամանել հայտնի պարուսույց, Պինա Բաուշի հանրահայտ Tanztheater Wuppertal պարային թատրոնի նախկին արտիստ, Phabien Prioville Dance Company ընկերության հիմնադիր Ֆաբիան Պրիովիլը։
Արդեն երկար տարիներ Ֆաբիանը զբաղվում է ժամանակակից պարի ու նորագույն տեխնոլոգիաների համադրմամբ՝ օգտագործելով վիրտուալ իրականությունն ու տեխնիկական զանազան այլ հնարքներ, սակայն մշտապես դառնալով մարդկային էությանն ու հուզական աշխարհին։ Նա 25-ից ավելի VR ֆիլմ է նկարահանել աշխարհի յոթ երկրներում։ Հայաստանը ութերորդն է։
- Գաղափարը մշտապես նույնն է․ ստեղծել պարային VR ֆիլմ անսովոր վայրերում։ Իմաստը նրանում է, որ երբ հանդիսատեսը դնում է VR ակնոցը, նա չի տեղափոխվում այլ վայր, կամ չի հայտնվում համակարգչային գրաֆիկայում, ինչպես սովորաբար անում են VR կիրառելիս։ Հանդիսատեսը մնում է նույն վայրում, ու սկզբում թվում է, թե ոչինչ էլ չի փոխվել։ Իսկ հետո հայտնվում են պարողները,- մանրամասնում է Ֆաբիանը։
Սակայն, չնայած գաղափարը միշտ նույնն է, ամեն նոր երկրում Ֆաբիանը նոր ֆիլմ է նկարում՝ այլ վայրում, այլ երաժշտությամբ, այլ՝ տեղի՝ կատարողների մասնակցությամբ։ VIVUS նախագծում Հայաստանը ներկայացնում են Balmanukyan Dance Project ընկերության կատարողները։
Պրիովիլի ֆիլմերում տարածությունը դեկորացիա չէ, այն միասնական է պարի հետ։ Հայաստանյան VR-ինստալացիան նկարահանվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում, ուր ներկայացված է Արտաշես Հովսեփյանը համանուն որմնաքանդակը, որ Հակոբ Կոջոյանի գրաֆիկական աշխատանքների քանդակային տարբերակն է։
- Հարթաքանդակը շարժման իմ ներշնչանքն էր․ պարողներին խնդրեցի մի դիրք ընտրել քանդակի ֆիգուրներից, ու հետո մենք սկսեցինք պարել, - պատմում է պարուսույցը։
- Արվեստագետն իր ժամանակի արտացոլանքն է, - Նինա Սիմոնի խոսքերով է իր խոսքն ամփոփում Ֆաբիան Պրիովիլը։ - Մենք՝ որպես ժամանակակից արտիստներ, պետք է արձանագրենք այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում։ Իսկ ի՞նչ է կատարվում այսօր․ տեխնոլոգիաներն ավելի ու ավելի «մարդկային» են դառնում, կամ էլ մենք ենք դառնում ավելի ու ավելի «տեխնոլոգիական»։ Տեխնոլոգիաները հետաքրքիր են, որովհետև դրանք փոխում են մեզ, մեր հասարակությունը, մեր ընկալումը՝ մարդկանց, արվեստի, երաժշտության ու նույնիսկ մարդկային հարաբերությունների։