Ատում էր ցանկացած անբարո երևույթ

ԱՆՈւՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

Լրանում է անվանի գրող, հրապարակախոս, բանաստեղծ Իգնատ Մամյանի մահվան 14 տարին։ Գրողի, ինչպես նաև վերջերս լույս տեսած նրա «Հավերժական տագնապներ» գրքի մասին է մեր զրույցը անվանի գրողի այրու՝ «Հավերժական տագնապներ» գրքի խմբագիր, գրականագետ, Կալիֆորնիայի հայ գրողների միության և Մշակույթի գործիչների միության անդամ Արմենուհի Ծատուրյանի հետ։
 
Հարգելի տիկին Ծատուրյան, ինչո՞ւ հիմա որոշվեց հրատարակել գիրքը։
 
- Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանի ներկայացուցչությանը (Մարինե Իսրայելյան, Ավետիք Սարգսյան, Մխիթար Մոս-Մուշեղյան)՝ պատրաստակամ վերաբերմունքի  և բանաստեղծ Իգնատ Մամյանի «Հավերժական տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուն տպագրելու համար։
 
Ինչո՞ւ հիմա։ Նոյեմբերյանի քաղաքային գրադարանը անվանակոչվեց    բանաստեղծ Իգնատ Մամյանի անունով։ Բանաստեղծի արձանը (Հովանավոր՝ Մարատ Ջանվելյան, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվեց  գրադարանի առաջ, ուր հարկ եղավ մեր ընտանիքի ֆինանսական միջոցների հաշվին կատարել բավական շինարարական ու բարեկարգման աշխատանքներ։ 2021թ․ ժամանակակից  դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի կողմից  առաջարկ ստացա տպագելու Իգնատ Մամյանի անտիպները։ Սիրով համաձայնեցի, Մոս-Մուշեղյանի առաջարկով էլ դրանք տպագրության հանձնվեցին, և անչափ շնորհակալ եմ՝ տեսնելով գիրքը հրատարակված։
 
Երկարատև ընդմիջումից հետո այս գիրքն առաջինն էր․ ի՞նչ արձագանքներ եղան։
 
- Հաճախ, ժամանակի հետ փոխվում է վերաբերմունքը գրողի և նրա ստեղծագործության հանդեպ։ Բայց արի ու տես՝ «Հավերժական տագնապները» արժանացան բուռն արձագանքի։ Շատ շատերի համար նորություն էր, որովհետև գրքում զետեղված բանաստեղծությունների մեծ մասը վերցված է հեղինակի ձեռագրերից, որոնք 1960-1965 թվականների պատանեկության շրջանի ստեղծագործություններ են, որոնցում արտացոլված են բանաստեղծի սերն ու տառապանքը, թախիծն ու կարոտը, տագնապները, հայրենի բնության երգերը, և որոնք նոր պատուհան են բացում նրա ստեղծագործության բազմակողմանի վերլուծության, մեկնության և գնահատության համար։ Բացի այդ,  գրքում զետեղել եմ հետագա տարիներին մամուլում տպագրված ստեղծագործությունները, որոնք մինչ այս գիրքը  ներառված չեն եղել հեղինակի  տպագրված ժողովածուներում։
 
Ինչո՞ւ «հավերժական տագնապներ»։ Ժամանակները փոխվում են, մարդիկ ու տեսակետները նույնպես, տագնապները մնում են հավերժակա՞ն։
 
- Իգնատ Մամյանն ասում էր․ «Առանձնության մեջ ես միշտ տխուր եմ՝ շաղախված հին ու նոր կորուստներիս հիշողությամբ: Ես աշնան վառվռուն տերևներով ծածկված ջրափոս եմ, դուրսս ծիծաղ է, ձեռք տվեցիր՝ մատներդ կթաթախվեն թախծության ջրի մեջ…»։ Ամբողջությամբ լցված էր տագնապներով։ Քանի կա մարդ արարածը՝ իհարկե տագնապները  հավերժական են։
 
Ընթերցողը որտե՞ղ կարող է գտնել գիրքը․ գրադարաններո՞ւմ, գրախանութներո՞ւմ։
 
- Գրքի քսան օրինակ նվիրել ենք Երևանի Ազգային և քաղաքային գրադարաններին, իսկ մնացած օրինակները  Իգնատ Մամյանի  արձանի բացման օրը կնվիրվի իր ծննդավայրի գրադարաններին և ընթերցողներին։
 
Արձանի բացման օրը նշանակվա՞ծ է։ 
 
- Արձանի բացման հանդիսությունը հետաձգվեց․ այն կկայանա աշնանը։
 
Առաջիկայում ի՞նչ նոր հրատարակություններ սպասենք Իգնատ Մամյանի ստեղծագործական ժառանությունից:
 
- «Եթե որևէ բանի հասել եմ, ապա միայն իմ ուժերով ու համառությամբ: Եվ ինձ հրաշալի եմ զգում, որ հոգու պարտքեր չունեմ, ոչ ոք չի կարող կանգնել դեմս և երեսիս շրխկացնել, թե քեզ համար այսինչ ճակատագրական բանն արեցի: Մարդկայնորեն պարտական եմ միայն կնոջս, որն իմ տպագրած առաջին բանաստեղծությունից մինչև այժմ նվիրվածորեն կիսում է կյանքային ու ստեղծագործական բոլոր տառապանքներս:» ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ («Հայաստանի Հանրապետություն», 13/09 1997թ):
 
Ամեն ինչ ասված է։ Առաջիկայում ընթերցողների դատին կհանձնվի նրա թարգմանություններն ու նամակները։ Ավարտին եմ հասցնում Իգնատ Մամյանի գրական ժառանգության մատենագիտական աշխատանքը՝ սկսած 1969 թ․ մինչև  2008թ։ Բոլոր գործերից  դուրս եմ գրել ասույթներն ու թևավոր խոսքերը, ինչպես նաև բոլոր նվիրատվությունների մակագրությունները, որտեղ ամբողջանում է բանաստեղծի Մարդ կերպարը։ Եվ, ի ուրախություն մեզ,  ժամանակակից սիրված դրամատուրգ, ակադեմիկոս Մխիթար Մոս-Մուշեղյանը «Մեթերհեմ բանտի կալանավորը» վիպակը դարձնում  է պիես, որն ավարտից հետո անպայման կտպագրվի։ 
 
Վերջերս, թյուրիմացության արդյունքում, Իգնատ Մամյանի նշանավոր գործերից մեկը վերագրվել էր Շելլիին, հաճա՞խ են լինում նման թյուրիմացություններ և ինչպես եք պայքարում դրանց դեմ։
 
- Շատ  ցավոտ խնդրի մասին եք խոսում։ Դժբախտաբար  Իգնատ Մամյանի կենդանության օրոք կատարվեց գրագողության՝ շատ տհաճ ու նողկալի մի դեպք, երբ արտագրված էր գրեթե ամբողջ գիրքը՝ կոսմետիկ փոփոխություններով։ Իգնատը, սակայն, սահմանափակվեց  միայն ամոթանք տալով և տպագրելու դեպքում՝ դատարանի առջև կանգնացնելու «խոստմամբ»։ Եվ երկրորդը՝ Ա-ին  (մինչև ինձ ունեցած սերերից մեկն է) նվիրված բանաստեղծությունն  է, որ ծնվել է իմ հարկի տակ, որի նախապատմությունը գրել եմ «Մեր կյանքը» անավարտ գործիս մեջ։ Հայտնի բլոգերներից մեկը, Շելլիի մի նկարին համահունչ համարելով,  տեղադրել է նկարի տակ, և այդտեղից էլ օգտատերերը կիսվելով տարածեցին այդ թյուրիմացությունը։ Անկեղծ ասած՝ պայքարի միջոց  չունեմ, այդ գործերը հեղինակի կենդանության օրոք տպագրվել են ժողովածուներում և սիրով ընդունվել ընթերցողների կողմից, տեղադրված են Իգնատ Մամյանի ստեղծագործությունները ամբողջացնող. «https://ignatmamyan.wordpress.com» կայքում։ 
 
Իգնատը առնական տղամարդ էր, չափազանց զգայուն, հոգին արձագանքում էր բնության ամենաթույլ շշուկին, ամենամեղմ բուրմունքին, նաև՝ շուրջը  կատարվող ամենաչնչին կոպտությանը. երբեմն դառնում էր անսահման բարի, պատրաստ՝ լաց լինել մի ծաղկի մահվան համար: Եվ նույնիսկ բարակ ճյուղի վրա դողացող մեղվին գետի ջրերից փրկելու համար կարող էր  զոհաբերվել և ատում էր ցանկացած անբարո երևույթ։
 
Զրուցեց Գուրգեն ԼՈՌԵՑԻՆ