Մշակույթն ու մենք
Մշակույթը, ասում են, երբեք կանգ չի առնում։ Այն միշտ զարգանում է, առաջ է գնում, և, երբեմն մենք չենք տեսնում նրա ընթացքը, որովհետև այն այնքան բնական է, ինչպես հյուսիսից եկող քամին։ Բայց, բավական է պարզապես մտածես մշակութային իրականության մասին և… այն կերևութանա։
Վերջին մեկ ամսում քիչ չեն եղել մշակութային իրադարձություններ, եղել են այնքան, որ բոլորը թվելն անհնար է, ուստի կխոսեմ դրանցից մի քանիսի մասին, որոնք գրավել են իմ ուշադրությունը.
Բոլորովին վերջերս լույս տեսան Ամերիկայի Միացյալ նահանգների հայ գրողների և լրագրողների միության նախագահ, ճանաչված գրող Վազգեն Վանատուրի միանգամից երկու գրքերը։ Առաջինը կոչվում է «Մեր ներս ու դրսի Տրոյական ձին»։ Այն բանաստեղծությունների և պոեմների ժողովածու է, ուր տեղ են գտել նաև 3 չափածո նովելներ։ Ժողովածուն հստակ արտացոլում է մեր՝ արդի ժամանակները, այն բնորոշող հոգևոր աղերսները, գալիքի նկատմամբ մեծ հավատը։ Եվ սա էլ գիրքը դարձնում է նշանակալի, ցանկալի ընթերցողական լսարանի համար․ չէ՞ որ, ինչպես փաստում են շատ մեծամեծ մտավորականներ՝ արվեստն ու գրականությունը առանց ժամանակի և դրա ճշմարիտ ընկալման առաջընթաց ապրել չեն կարող։
Վազգեն Վանատուրի երկրորդ գիրքը կոչվում է «Տոնական ընթրիք երեք հոգու համար»։ Սա պատմվածքների ժողովածու է։ Գրքում տեղ է գտել նաև մեկ թատերգություն՝ նվիրված Մինաս Ավետիսյանին, ինչպես նաև մի քանի թարգմանություններ՝ ժամանակակից համաշխարհային գրականությունից։ Բազմաժանր գրող Վազգեն Վանատուրը, գրքերի խմբագրի՝ գրող Խաչկարի հետ միասին ջանք չեն խնայել բավարարելու ընթերցողական ամենատարբեր ճաշակի տեր անձանց գեղագիտական պահանջմունքը։ Ընթերցողական և բարեկամական ջերմ շնորհավորանքներս հղելով Վազգեն Վանատուրին, չմոռանամ ասել, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին նախատեսվում է ԱՄՆ ՀԳԼՄ փոխնախագահ, «Մեր ներս ու դրսի Տրոյական ձին» և «Տոնական ընթրիք երեք հոգու համար» գրքերի խմբագիր Խաչկարի այցը Հայաստան։ Վստահ եմ, այդ ժամանակ ևս ընթերցողական լայն լսարանին սպասվում են նոր և հաճելի անակնկալներ։
ՎԱԶԳԵՆ ՎԱՆԱՏՈՒՐ
ԱՄՆ ՀԳԼՄ նախագահ
Վերջին շրջանում մշակութային մեծ ակտիվություն է ցուցաբերում Մշակույթի գործիչների միությունը, որը փորձում է համախմբել ոչ միայն համահայկական, այլև միջազգային մշակութային աշխարհի ներկայացուցիչներին։ Հատկանշական է, որ միության անդամություն են ստացել ոչ միայն հայազգի նշանավոր արվեստագետներ, այլև օտարազգի այնպիսի հեղինակավոր գործիչներ, որոնցից են Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի գրողների միության Ավստրալիայի տարածքային բաժանմունքի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովը, նշյալ ակադեմիայի փոխնախագահ Տատյանա Զիմիչը, Վլադիմիր Վիսոցկու անվան փառատոնի նախագահ Անդրեյ Լոժկինը, մոլդավացի արվեստաբան Լյուդմիլա Կուլիկովան, վիետնամցի նշանավոր բանաստեղծ Մայ Վան Ֆանը և ուրիշներ։
Փաստորեն միության աշխարհագրությունը, այսպիսով նաև գործունեության դաշտը մեծանում է՝ տալով մեզ մեծ հույսեր ապագայի հանդեպ։ Առաջիկայում սպասվում է նաև նույն միության երկու համահեղինակային մատենաշարերի լույսընծայումը՝ «Գրական գանձարան» և «Կածաններ» խորագրով։ Միությունը տպագրության է պատրաստում նաև անվանի դրամատուրգ Ռուբեն Մարուխյանի «Թատրոնի շքամուտքի առաջ» հանրամատչելի աշխատությունը, որի խմբագրի առաքելությունը, հեղինակի ցանկությամբ, ստանձնել է դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանը։ Միությունը, Միության անդամ, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի գրողների միության անդամ Տատյանա Զիմիչի խմբագրությամբ կտպագրի նաև միության պատվավոր անդամ, դրամատուրգ Մուշեղ Մխիթարյանի «Метаморфозы старого человека» և «Чтобы сохранить
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ, ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ՄՈՒՇԵՂ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ (ԵՐԳԻԾԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ) ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐ
Верность» գրքերը։ Առաջինը ժամանակակից հոգեբանական դրամա է, որը «հասցրել» է մասնակցել մի շարք հեղինակավոր փառատոների, երկրորդը պատմական դրամա է, որը ներկայացնում է Լուսինյանների արքայատոհմի վերջին գահակալ Լևոն Վեցերորդ թագավորի կյանքն ու ողբերգությունը՝ Կիլիկյան Հայաստանի կործանմամբ։
Վերջերս լույս տեսան նաև նույն միության ներկայացուցիչ, դանիաբնակ շնորհաշատ բանաստեղծուհի Լյուդմիլա Շելլունցի երկու՝ «Խաղողի այգի» մանկական և «Սրտիս չափով» բանաստեղծությունների գրքերը։ Գրքերի լույսընծայման կապակցությամբ Հայաստան էր ժամանել նաև բանաստեղծուհին, ով Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, Նոր Նորքի Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացրեց գրքերի շնորհանդեսը և, վստահ եմ, գեղեցիկ տպավորություններով պետք է վերադառնա Դանիա՝ նորից վերադառնալու ակնկալիքով ու սպասումով։
ԴԱՆԻԱԲՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ, ՄԱՆԿԱԳԻՐ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՇԵԼԼՈՒՆՑԸ «ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ» և «ՍՐՏԻՍ ՉԱՓՈՎ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
Մշակութային այս հրաշալի իրադարձությունների ֆոնին, մանավանդ, որ խոսվեց մանուկների միջազգային օրվա մասին, ուզում եմ մի փոքր խոսել մեր մանուկներից։ Նրանց մի մասը ՌԴ Տինդա քաղաքից են, սովորում են տեղի «Սերունդ» հայկական դպրոցում, որը վերջերս հիմնադրել է մեր հայրենակից, երիտասարդ բանաստեղծուհի Արմինե Մելքումյանը։ Երեխաները, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի միջազգային մրցույթների Հայաստանի և Արցախի քարտուղարության (քարտուղար՝ Մուշեղ Մխիթարյան, փոխքարտուղար Հայաստանում` Գուրգեն Բալայան, փոխքարտուղար Արցախում՝ Սոֆյա Սարգսյան) միջնորդությամբ մասնակցեցին ակադեմիայի Վլադիմիր Կլավդևիչ Արսենևի անվան մրցույթին՝ ներկայացնելով անմահ Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի ռուսերեն թարգմանված բանաստեղծություններ։ Ի դեպ, բոլոր փոքրիկները իրենց ուսուցչի՝ Ա. Մելքումյանի հետ միասին արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի։
ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՏԻՆԴԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՄՈՏ ՍԱՆԵՐԻՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՌԳՄ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻԴՈՐՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀՎԱԾ ՊԱՏՎՈԳՐԵՐԸ
Իմ ուշադրությունը գրավեց նաև պատանի երաժիշտ Դերեն Չիլինգարյանը, ով ապրիլին նշեց իր 9-ամյակը։ Պատանի հայորդին ծնվել և ապրում է օվկիանոսից այնկողմ՝ հեռավոր Կալիֆորնիայիում։ Մայրը տանը դաշնամուր նվագել է սովորեցրել նրան, երբ նա դեռ 4 տարեկան էր։ Այստեղից էլ սերը երաժշտության հանդեպ։ Նա նաև երգում է և հաճախում երգի ու դաշնամուրի դասերի։ Յոթ տարեկանից սկսել է կիթառ նվագել, նվագում է ինչպես հանրաճանաչ փոփ երաժիշտների, այնպես էլ դասական հեղինակների գործեր։
ԴԵՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
9-ամյա պատանի տաղանդաշատ երաժիշտը նախատեսում է անձամբ երգ գրել, ու ի՞նչ իմանանք, ապագա ինչ հրաշալի կոմպոզիտոր ու կատարող է թաքնված նրա մեջ։ Այս ամենի հետ մեկտեղ, ինչպես բոլոր երեխաները, Դերենը սիրում է բակային խաղեր՝ բասկետբոլ։ Ժամանակ է հատկացնում նաև ընթերցանությանը` մանավանդ, եթե գրքերը արկածային են ու զվարճալի։ Մեծ ժամանակ է հատկացնում նաև շախմատին։ Ահա այսպիսի հիանալի սերունդ է մեծանում։ Դերենը ունի նաև յութուբյան ալիք, որտեղ նրան տեսել է մեր նշանավոր հայրենակից, սիրված երգիչ Սերժ Թանգյանը, հավանել ու հրավիրել մասնակցելու իր «Ամպեր» երգի հոլովակի նկարահանմանը։ Վստահ եմ, մեծ երաժիշտի ապագա է սպասվում Դերեն Չիլինգարյանին։
Ուրեմն ցանկանանք, որ հայ մշակույթը մշտապես ծաղկի, և հայորդիք՝ մերօրյա ու գալիք սերունդները, լինեն նույնքան մշակութային ու մշակութասեր, որքան մեր լուսավոր նախնիք։
Անան ՆԱՃԱՐ
Արվեստաբան