Մեկնարկում է «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլը
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։
«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին՝ ծանոթանալու ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացում կազմելու թատրոն համակարգի ամբողջական կառուցվածքի մասին։ Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թ.։
Համավարակի շրջանում ծրագիրն անցկացվել է երկու առցանց փուլով։ 2021 թ. ծրագիրը թեմատիկ հենք է ընտրել դերասանի վարպետությունը։ Այս տարի գրեթե 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու է 70 աշակերտ։
Կրթական ծրագիրը կիրականացվի հունիսի 13-26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:
Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։
Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. նախնական ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, որին հետևել է հարցազրույցների փուլը: Մրցութային փուլերը հաղթահարած աշակերտները երկշաբաթյա ծրագրի ընթացքում կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների և դասախոսների ղեկավարությամբ։
Ծրագրի այս փուլում մասնակիցների հետ կանցկացվեն դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։
Այս տարի դրամատիկական խմբերին զուգահեռ ծրագիրն ունի նաև պարի և մնջախաղի խմբեր։ Հունիսի 26-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում բեմադրած ներկայացումները։