ԳՐԱՎԻՉ՝ ԱՆԿԵՂԾ ՊԱՐԶՈՒԹՅԱՄԲ

Գրական երկխոսություն

Մելանյա Պետրոսյանցի պատմվածքները մեր ժամանակակցի մասին են, մեզ հետ, մեր կողքին ապրող մարդու մասին: Ու այնքա՜ն իրական են այդ մարդիկ, այնքա՜ն տեսանելի. պատմվածքները կարդալիս կարծես այցելում ես նրանց, ապրում ծանոթ մարդկանց միջավայրում, մասնակցում նրանց զրույցին: 
 
Այս պատումների սյուժեները սրընթաց են, անպայման գրավիչ ինտրիգ ունեն խորքում, ինչն ընթերցողին լարված է պահում մինչև վերջին պահը, մինչև հանգուցալուծում: Հեղինակը ոչ մի հատուկ ջանք չի գործադրում, չի ձգտում տպավորիչ ու ցնցող լինել. կյանքն իր հունով հոսում է նրա գրչի տակ... Երևի հենց դրանո՛վ է սիրելի և տպավորիչ, այդ անկեղծ պարզությամբ՝ առանց պարտադրանքի: 
 
Շարադրանքի արժանիքներից են բառի զգացողությունը. Արդեն 3 գրքերի հեղինակը լավ գիտի բառի արժեքն ու կշիռը: Ավելորդ ոչ մի բառ չկա, ամեն մեկն իր տեղում է՝ անպաճույճ պարզությամբ ընթերցողին փոխանցելով հերոսների ապրումները... Սա շատ կարևոր է ոչ միայն պոեզիայի, այլև արձակի համար: Եվ առհասարակ, հիացնող է չափի բնատուր մեծ զգացումը՝ գրողի ամեն մի տողում. երևի դա նույնպես տաղանդին հավասար շնորհ է... 
 
Անկեղծ ու լավ հանդիպման ներկա եղա երեկ. գրողի և ընթերցողի անմիջական երկխոսություն էր Երևանի թիվ 16 գրադարանում: Մանկավարժ և լրագրող, արձակագիր Մելանյա Պետրոսյանցն էր գրադարանի հյուրասրահում՝ երիտասարդ տնօրեն Լուսինե Մարգարյանի հրավերով: Սրահում գրողի ընկերներն էին, մտերիմներ, գրողներ և լրագրողներ: Հանդիպման էին եկել նաև Երևանի թիվ 154 դպրոցի աշակերտներ՝ ուսուցչուհի Ն. Դանիելյանի հետ: Երեխաների համար ուսանելի և հետաքրքիր էր մեր այսօրվա կյանքը գեղարվեստի լեզվով ներկայացնող գրողի խոսքը: 
 
-Մելանյա Պետրոսյանցի արձակը մաքուր, նաև՝ մարդու հոգին մաքրող գրականություն է,-այսպիսի գնահատական հնչեցրեց նրա համակուրսեցին՝ գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը: 
 
Բանաստեղծ Վարդան Գրիգորյանը նույնպես հին ընկերոջ իրավունքով ջերմ խոսք ասաց, նաև կարևորեց գրողի և նորահաս սերնդի ընթերցողների միջև կապը, շնորհակալություն հայտնեց գրադարանին՝ այս նախաձեռնության և հանդիպման համար: 
 
Թվում է՝ համակարգչի և ինտերնետի մեր օրերում մարդը հեռացել է գրքից, համացանցն անողոքաբար կլանում է բոլոր ոլորտները... Բայց երեխաները հարցեր էին ուղղում արձակագրին, ուշադիր լսում պատասխանները. Նրանք, իսկապես, անտարբեր չէին գրականության հանդեպ: Ով գիտի, նրանցից քանիսը հետագայում կփորձի նմանվել այս պատումների հերոսներին, որոնցից շատերը ուժեղ, արժանապատիվ, իրենց գործն ու կյանքը սիրող մարդիկ են... Որովհետև Մելանյա Պետրոսյանցի արձակը նաև դաստիարակող է, ուղղորդող, ճշմարիտն ու բարին սերմանող, արժեքներ ուսուցանող... 
 
Գրադարանի «Հյուրասրահը» երեկ կարծես յուրովի կամուրջ էր դարձել դեռահասների և փորձառու, մարդկայինն ու դրականը շեշտող, ասելիք ունեցող ժամանակակից գրողի միջև: