2000-ամյա ժանրի ջահակիր պահապանները

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Գրեթե բոլոր երկրները, գոնե հետխորհրդայինները, ունեն ստեղծագործական միություններ, որոնք կոչված են զարգացնելու մշակույթի այս կամ այն ոլորտը։ Հայաստանում կան գրողների, նկարիչների, թատերական գործիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների, ժուռնալիստների, երգիծաբանների, մշակույթի այլևայլ ոլորտների միություններ։ Որը որքան է հասցնում անել, կամ անում՝ այլ հարց է։ Այս համատեքստում տրամաբանական էր ունենալ նաև դրամատուրգների միություն, որովհետև, չնայած թե՛ Թատերական գործիչների, թե՛ Գրողների միությունները իրավասու են զբաղվելու ոլորտով, ցուցաբերված ջանքերը  բավարար չեն։ 2500-ամյա այս հնագույն ժանրը, որը մենք՝ հայերս կրում ու պահպանում ենք արդեն երկու հազարամյակ, այսօր ավելի քան անտեսված է։ Ես չեմ կարծում, թե իմ գրչակիցներից որևէ մեկն այս հարցում առարկություն, կամ առարկելու նյութ կունենա։
 
Բոլորիս է հայտնի, որ տարիներ շարունակ դրամատուրգները տպագրվում են ոչ պարբերաբար, ավելի ու ավելի սահմանափակ տպաքանակով, այսպիսով ասելիքը դառնում է ժամանակավրեպ։ Եվ սարսափելիորեն սահմանափակ այս տպաքանակը սկսել է բավարարել «շուկան», որովհետև դրամատուրգիայի սիրահար հին սերունդը ստիպված եղավ համակերպվել ժամանակակից դրամատուրգիայի «բացակայությանը», իսկ նորահաս սերունդները չգիտեն, չեն զգում այս բացը։ Ինչո՞ւ է այսպես ստացվել։ Գուցե մշակութային մեր հայրենիքի իշխանությունները երեսուն տարիների  ընթացքում չեղան այնքան մշակութասեր, որքան պետք է լինեին, կամ գուցե երիտասարդ Հանրապետությունը միջոցներ չուներ պատշաճ՝ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։ Չգիտեմ, բայց փաստ է, որ այդպես է։ Մեր օրերում 100, 200 օրինակ տպաքանակով գիրք տպագրելն արդեն իսկ մեծ հաջողություն է, որովհետև հեղինակները չունեն միջոցներ, չունեն պետական աջակցություն ու ցավոք, այս դեգրադացիայի ժամանակներում գրեթե չունեն նաև պահանջարկ։ 
 
Հայկական թատրոնները շատ ավելի մեծ տեղ են տալիս օտար հեղինակներին, հաճախ՝ հանրահռչակներին, ու հավանական է դրա պատճառը միայն աշխարհից հետ չմնալու մեր անհասկանալի միտումն է, որը մեծամասամբ արտահայտվում է նմանակմամբ և միակողմանի փոխառությամբ։ Հայ դրամատուրգները չհրատարակվելով, չբեմադրվելով օրավուր կորցնում են իրենց կարևորությունը հայ հասարակության համար։ Սա մի բան է, որը ոչ մի կերպ չպետք է թույլ տալ։ Դա հասկանում են շատ երկրներում, ես նշեցի հետխորհրդայինների մասին, բայց ուզում եմ հատուկ շեշտել Իրանի դրամատուրգների միության մասին, որի պատվիրակությանը (նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադիի գլխավորությամբ)  ընդունելու առիթ եմ ունեցել  2012 թ.-ին՝ «Յանուս» արտիստական թատրոնի ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ։ Հատկանշական է, որ Իրանի դրամատուրգների միության կազմում էին ոչ միայն դրամատուրգներ, այլև  լրագրողներ, գրականագետներ, գրական այլ ասպարեզների ներկայացուցիչներ, մի բան, որը միության նախագահը հատուկ ընդգծում էր, որպես Միության գործունեության առանցքային ու գաղափարական հիմք։ Չէ՞ որ դրամատուրգիան պոեզիայի, նկարչության, երաժշտության, այլևայլի համադրությամբ է միայն ապրում և՛ թատրոնում, և՛ ընթերցողական լսարանում։ Այո, նաև՝ ընթերցողականում, որովհետև ընթերցողը կարդալով այս կամ այն դրամատուրգիական ստեղծագործությունը, առաջին հերթին սկսում է պատկերացնել միջավայրը, եղանակը, մեղեդին... բեմը։
 
Հիմա, երբ  նկարագրեցի միության կարևորությունը, ուզում եմ խոսել Հայ դրամատուրգների միության մասին, որին Գուրգեն Լոռեցուն «Առավոտ» թերթի համար տրված հարցազրույցում օրեր առաջ անդրադարձել էր դրամատուրգ Գևորգ Սարգսյանը։ Ինձ համար, որպես վերը շարադրված համոզմունքի տեր մարդ, որպես դրամատուրգ, շատ կարևոր էր այս նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց Գևորգ Սարգսյանի, Գուրգեն Բալայանի, Սուրեն Գրիգորյանի, Գուրգեն Միքայելյանի, Նարեկ Մարտիրոսյանի և Գագիկ Հառիճեցու անմիջական ջանքերով։ Ես ուրախ եմ, որ այսուհետ Հայաստանում էլ կա այսպիսի մշակութային հասարակական միավորում։ Այս կարևորագույն գործում հաջողության հասնելու համար իմ երախտիքն եմ հայտնում վերը թվարկված ընկերներիս՝ միության նախագահ Գուրգեն Բալայանի գլխավորությամբ։
Ես չգիտեմ որոնք կլինեն նորաստեղծ միության առաջին քայլերը, բայց ես վստահ եմ, որ գրականության ասպարեզում բազմավաստակ գործիչ Գուրգեն Բալայանի նախագահությամբ միությունը ակտիվ կլինի գրահրատարակության հարցում և անգամ, կփորձի կազմավորել սեփական թատրոնը, որը նույնպես օրախնդիր անհրաժեշտություն է։ Պիեսները որքան էլ գեղեցիկ լինեն որպես գրականություն, բայց կյանք են ստանում բեմում, ու դրա հնարավորությունը միությունը պետք է փորձի ստեղծել և անի դա գրականության և առհասարակ մշակույթի բովանդակ աշխարհի ներկայացուցչների հետ ուս-ուսի։
 
Ինքս, որպես հայ դրամատուրգ, որպես այս գաղափարներին հարող մարդ, իմ մասնագիտական կարողությունները պատրաստ եմ ներդնել միության տարաբովանդակ նախաձեռնություններում։
 
Վստահ եմ՝ մեր գրչընկերներից շատերն են սատարելու միությանը, որպես անդամներ, աջակից անդամներ, պատվավոր անդամներ կամ համակիրներ։ Կարգավիճակը այս դեպքում կարևոր չէ։ Կարևորը այն առաքելությունն է, հանուն որի անվանի գործիչները հանձն են առել իրենց ծեր ու հոգնած ուսերին վերցնել մի նոր ծանրություն։ 
 
Իսկ մեզ մնում է չմնալ շիվար՝ ձևի ու բովանդակության միջև։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀԴՄ նախագահ Գուրգեն Բալայանին, պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
 
Մխիթար ՄՈՍ-ՄՈւՇԵՂՅԱՆ
Դրամատուրգ
 
Լուսանկարում ձախից աջ` Գուրգեն Բալայան, Սուրիկ Գրիգորյան և Գևորգ Սարգսյան