Արցախի էներգետիկան՝ առանձին գրքով
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերջապես էներգետիկայի բնագավառի ներկա և ապագա մասնագետները, ինչպես նաև ոլորտի խնդիրներով հետաքրքրվող ընթերցողները ամբողջական ու ամփոփ տեսքով կարող են ծանոթանալ Արցախի էներգետիկայի պատմությանն ու դրա հեռանկարներին՝ գրքի շնորհիվ։ Հարկ է նշել, որ Հայաստանի և Արցախի էներգետիկայի վերաբերյալ բազմաթիվ
հոդվածներ հրապարակվել են «Ավանգարդ» թերթում:
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ Ստեփան Պապիկյանի «Արցախի էներգետիկան» մենագրությունը՝ 150 էջ ծավալով, 16 էջ գունավոր լուսանկարներով, հեղինակի տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է: Մենագրությունն իր բնույթով եզակի է, ունի գիտական արժեք:

Գրքի պատասխանատու խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը: Աշխատությունը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ և Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ․ գրախոսներ՝ տ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյան և տ. գ. թեկնածու Հայկ Մարկոսյան:
Գրքից տեղեկանում ենք նաև, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ էին կատարվում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Արցախում շահագործվում էին 27 հիդրոէլեկտրակայաններ, որտեղ տեղադրված դրվածքային գումարային հզորությունը կազմում էր 192 ՄՎտ: Տարեկան կարող էր արտադրվել 887 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:
Ներկայում գոյություն ունեցող հիդրոէլեկտրակայաններից Արցախի տարածքում է մնացել վեց ՀԷԿ՝ Սարսանգի, Գետավանի, Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Այսինքն՝ 192 ՄՎտ դրվածքային գումարային հզորությունից մեր տարածքում է գտնվում 75 ՄՎտ գումարային հզորություն: Էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Լաչինի տարածքով:
- Անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ գիտականորեն
հիմնավորված ծրագիր՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները: Այն
անխզելիորեն պետք է կապված լինի ՀՀ-ում մշակված համանման ծրագրի հետ,- առաջարկում է հեղինակը:
Ս. Պապիկյանն առաջարկում է Արցախի Հանրապետության համար մշակել էներգետիկ դիվանագիտություն:
Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաև բնագավառի մասնագետների համար:
Ստեփան Պապիկյանը հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություն, որոնք առնչվում են ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգերին, գազատուրբինային կայանքներին, ՋԷԿ-երին և ԱԷԿ-ներին, ՀԷԿ-երին, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաև էներգետիկայի պատմության հարցերին:
Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թ. ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով:
Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում և բազմաթիվ կազմակերպություններում: Նա միջազգային մեծ ճանաչում ունեցող գիտնական է, հսկայական աշխատանքներ է կատարում Հայաստանի և աշխարհի էներգետիայի զարգացման բնագավառում:
Հարկ է նշել, որ Արցախում մինչև 1920 թվականը շահագործվում էր 30 ԿՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Ցանկալի կլիներ, որպեսզի գիրքը սեղմագրի ձևով հրատարակվեր նաև այլ լեզուներով:
Ստեփան Պապիկյանի անձնական արխիվում կուտակվել են բազմաթիվ արխիվային նյութեր: Նա մեծ ծառայություններ ունի հատկապես Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման գործում: Հետևաբար կարելի է գրել վավերագրական ֆիլմի սցենար և այն ներկայացնել պատշաճ մակարդակով: «Արցախի էներգետիկան» վերտառությամբ վավերագրական ֆիլմի ստեղծումը տարբեր լեզուններով հնարավորություն կտա Արցախը ներկայացնել միջազգային մակարդակով: Գուցե կգտնվեն գործարար մարդիկ, ովքեր կֆինանսավորեն՝ գաղափարը կյանքի կոչելու համար:
Անհրաժեշտ է նաև պետական մակարդակով գնահատել գիտնականի վաստակը: